Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/425

Այս էջը հաստատված է

տարվում իր շուրջը կամ ի՞նչ են անում զանազան ազգեր զանազան երկրներում։ Այս է պատճառը, որ հայ ուսանողի աշխարհայեցողության շրջանակը մնում է խիստ նեղ, և նա այնքան փոքր ծանոթ է ժողովուրդների պատմության և նրանց կենցաղավարության պայմանների հետ, որ իր զարգացումով շատ չէ զանազանվում մի հասարակ գիմնազիստից։ Բայց գտնվում են և այնպիսի խենթեր, որոնք գրավվում են բուն ռուս ուսանողների մեջ բորբոքվող մի քանի նոր գաղափարներով, որպես անմիտ թիթեռը հափշտակվում է ճրագի լույսով և այրում է իր թևիկները...

Ավելորդ չէր լինի համեմատության համար հիշել մի քանի գծեր ռուս ուսանողների մասին։

Ռուս ուսանողները, իրավ է, նույնպես ծույլ են, ընտրած մասնագիտությանը չեն հետևում, վատ են սովորում, բայց նրանք ունեն մի առավելություն, որ զուրկ են հայ ուսանողները։ Ռուս ուսանողները շատ կարդում են, եթե ոչ գիտնական գրքեր, գոնե տենդենցիայով գրված րոմաններ, կրիտիկաներ, փիլիսոփայություններ, հետևում են ժամանակակից մտքերի և շարժումների, և հետաքրքրվում են ժողովրդի ստոր դասի վիճակով, զբաղվում են քաղաքական մտքերով։ Կա և մի ուրիշ բան, որ ռուս ուսանողների գլխավոր հատկանիշն է, և որով որոշվում են նրանք եվրոպական բոլոր ուսանողներից, այն է, որ ռուս ուսանողը խիստ բարձր կարծիք ունի կնոջ վրա։ Նա կնոջ մեջ տեսնում է մի զորություն, որ մեծ դեր պիտի խաղա ժողովուրդների քաղաքակրթության մեջ, և ամեն ջանքով աշխատում է մշակել, զարգացնել այդ զորությունը։ Այս պատճառով նա ոչ միայն մեծ նշանակություն է տալիս կնոջ դաստիարակությանը, այլ ինքն ընտանիքների մեջ մտնելով, միսիոնարի եռանդով աշխատում է առանձնապես ազդել, ներգործել կնոջ վրա, զարգացնել նրա միտքը և ծանոթացնել ժամանակի ոգու հետ։ Այս է պատճառը, որ նա իրան հեռու չէ պահում ընտանիքներից։ Տեսնում եք մի ուսանող որևիցե ընտանիքի մեջ ծանոթանում է մի մանկահասակ աղջկա հետ, հենց որ նկատեց նրա մեջ ընդունակության մի նշույլ, իսկույն կսկսե ինքնակոչ վարժապետի դեր կատարել։ Նա այնքան շատ կարդացել է, այնքան բազմակողմանի հմտություններ ունի, որ աղջիկը երբեք նրանից չէ ձանձրանա։ Ազդեցությունը սկսվում է անզգալի կերպով։ Ուսանողը վազ կտա այս և այն գրատունը, կբերե նրա համար նոր գրքեր, ցույց կտա, թե այս ինչ ամսագրի մեջ մի հետաքրքիր հոդված է տպված, որ արժեր կարդալ, շատ անգամ ինքը կնստե, կկարդա նրա համար,