Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/427

Այս էջը հաստատված է

են բուն թիֆլիսեցիներից, ես այդ երևույթին մի ուրիշ պատճառ չեմ գտնում, բացի նրանից, որ գավառացիների և գյուղացիների ընտանեկան կրթությունն ավելի լավ պայմաններով է կատարվում. նրանք երեխայությունից սովորում են աշխատության, և որ ամենագլխավորն է, նրանք ունեն բարոյական հաստատուն հիմք, մինչդեռ թիֆլիսեցի երիտասարդը հենց ընտանիքից փչացած է դուրս գալիս թե բարոյապես և թե մտավորապես։ Միևնույն կերպով կարելի է բացատրել և այն երևույթը, որ թիֆլիսեցի երիտասարդը Ռուսաստանի դպրոցներում բոլորովին օտարանում է, որովհետև հենց սկզբից անունով միայն հայ էր, չէր սովորել իր մայրենի լեզուն, չէր կրում իր ազգի ցեղական առանձնությունները։ Բայց մի երևանցի, մի ղարաբաղցի և մի լոռեցի երիտասարդ, որ կրթվել էր բուն հայկական ընտանիքում, որ գիտեր իր մայրենի լեզուն, երբեք չէ օտարանում, այլ ընդհակառակն, ավելի հաստատվում է իր ազգայնության մեջ։

Գավառացի և գյուղացի ուսանողները լինում են կամ բոլորովին աղքատ, կամ փոքր միջոցներ ունեցող երիտասարդներ։ Անկարելի է նկարագրել, թե որպիսի դժվարությունների դեմ պատերազմելով, աղքատ ուսանողը կարողանում է ավարտել իր ուսումը։ Նրա տոկունությունը, եռանդը, անձնազոհությունը հասնում է կատարյալ նահատակության։ Երևակայեցեք կյանքի բոլոր դաժանությունը Մոսկվայի կամ Պետերբուրգի նման քաղաքներում, ուր փոքր ի շատե համեստ ապրուստը պահանջում է ամսական գոնե 30 ռուբլի, իսկ նա կառավարվում է 10 կամ 15 ռուբլիով։ Եվ այդ ողորմելի գումարը նա պիտի ձեռք բերե ահագին դժվարություններով։ Ես ճանաչում եմ մի քանի խեղճ ուսանողներ, որոնք ամառվա արձակուրդների ժամանակ գալիս էին Թիֆլիս դասեր գտնելու, կամ պարապելու մի հարստի երեխաների հետ ամառանոցում, և այսպիսով փող էին վաստակում, և կրկին վերադառնում էին Մոսկվա կամ Պետերբուրգ շարունակելու իրանց ուսումը։ Եվ այսպիսիները լինում են ամենալավ ավարտողներն իրանց մասնագիտությունից։

Ցույց տալով հայ ուսանողների թույլ և զորավոր կողմերը, ավելորդ չէր լինի ասել մի քանի խոսք ևս նրանց ընդհանուր գաղափարների մասին։

Միանգամայն անարդար կլիներ ասել, թե բոլոր հայ ուսանողների ձգտումները միայն առանձնական և նյութական նպատակ ունեն, թե նրանց մեջ չկային բարի երիտասարդներ ազնիվ ցանկություններով։