Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/428

Այս էջը հաստատված է

Կան շատ ուսանողներ, որոնք հափշտակվում են եթե ոչ ընդհանուր մարդասիրական գաղափարներով, գոնե նեղ ազգասիրական բաղձանքներով։ Նրանք հավաքվում են միասին, ծխում են, վիճում են և տնօրինում են իրենց «սիրելի ազգի» համար մի լավ ապագա։ Սկսում են սովորել հալոց լեզուն, ծանոթանալ նրա գրականության հետ և ուսումնասիրել նրա պետքերը, և լի բարի ցանկություններով վերադառնում են իրանց հայրենիքը գործելու համար։ Մենք մյուս անգամ կտեսնվենք այդ պարոնների հետ կյանքի մեջ, թե ո՛ր աստիճան նրանք հավատարիմ են մնում իրանց ուխտին։ Այժմ վերջացնում եմ իմ նկարագիրը Մոսկվայի և Ս. Պետերբուրգի ուսանողների մասին, ավելացնելով մի քանի խոսք նրանց ժողովների վերաբերությամբ։

Վաղուց է, որ Մոսկվայի և Ս. Պետերբուրգի ուսանողներն ունեն մի տեսակ ժողովներ, կազմել են մի տեսակ եղբայրություն, բոլորովին բարեգործական նպատակով։ Նրանք ունեն առանձին կասսա, որի մեջ հավաքվում են ուսանողների նվերներն իրանց չքավոր ընկերներին օգնելու համար։ Մի համակրական գործ, որ կատարել են հայ ուսանողները — այդ է։ Բայց ցավալի է տեսնել, այն ուսանողները, որ մի ժամանակ վայելել էին հիշյալ կասսաների օժանդակությունը, ավարտելուց և կյանքի մեջ մտնելուց հետո բոլորովին մոռանում են անցյալը։ Ինձ պատահել է լսել շատ տրտունջներ, թե այսինչ ուսանողն այսքան հարյուր ռուբլի պարտ է մնացել ուսանողական կասսային, իսկ վերադարձնելու մասին չէ մտածում, թեև այժմ տարեկան մի քանի հազար ռուբլի եկամուտ ունի։ Ինձ հայտնի են մինչև անգամ այդ ապերախտների անուններն…[1]

Հայ ուսանողները բացի Ռուսաստանի երկու մայրաքաղաքների համալսարաններից փոքր թվով դիմում են Օդեսա, Կիև, Կազան և Դորպատ։ Դրանք չեն զանազանվում առանձին հատկանիշներով, բայց նույնը չէ կարելի ասել Դորպատի ուսանողների մասին։ Դորպատի համալսարանը, եթե չեմ սխալվում, առաջինը եղավ, որ քաշեց դեպի ինքը հայ ուսանողներին, և ճանապարհը դեպի այդ ռուս-գերմանական քաղաքը բաց արեց Աբովյանցը. նրան հետևեցին շատերը, իսկ այժմ համարյա թե դադարել են Դորպատ

  1. 1 Մինչև այսօր մենք չունենք որևիցե գրվածք հայ ուսանողների մասին, բացի դոք՝ Ռ. Արծրունիի «Այնտեղ և այստեղ» վեպիկը, որ մի գեղեցիկ պատկեր է Ռուսաստանի ուսանողների կյանքից։ Այս աշխատությունը տպվեցավ «Մշակի» մեջ և թարգմանվեցավ ռուսաց լեզվով։