Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/43

Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿ Կ. ՊՈԼՍԻՑ

Տաճկաբնակ հայերը, ասում ենք, թե վայելում են ազատություն։ Տաճկաբնակ հայերը, ասում են, թե առաջ են ընթանում: Այդ խոսքերը խիստ քաղցր կերպով հնչում են, ոչ միայն ամեն մի հայ մարդու ականջին, այլ ընդհանուր մարդկության բարեկամներին նոքա հաճություն են պատճառում։

Եվ իրավ, լրագրների մի շարք, որք ցոլացող աստղերի նման, հաջորդաբար երևում են, փայլում են, և դարձյալ կորչում են հայկական գրականության խավար մթնոլորտի մեջ. ազգային սահմանադրական վարչություն, հրապարակական դասախոսություններ, թատրոնական բեմ. երկսեռ դպրոցներ և այլն այդ ամենը պնդում են լսողների համոզմունքը տաճկաբնակ հայերի առաջադիմության մասին։

Բայց խորին կերպով հետազոտելով այդ ուրախացուցիչ երևույթների ներքին էությունը, մենք գտանում ենք անմխիթար դատարկություն։

Լրագրությունը ավելի զբաղված է օտարներով, քան թե յուրյանով։ Նա հայտնում է, թե ինչ է խոսում ամեն օր Թիերը յուր կաբինետում, բայց չգիտե յուր տան մեջ ինչեր են լինում, չգիտե. թե Վասպուրականի, Մշու, Բաղեշի, Կարնու և փոքր Ասիայի զանազան անկյուններում, ինչեր են պատահում խեղճ հայերի հետ և ի՞նչ դրության մեջ է նոցա վիճակը։ Նա ընդհանուր Եվրոպայի ճակատագիրն է վճռում, բայց հիշյալ երկրներում բնակվող յուր ազգայինների տնտեսական և մտավորական կյանքի մասին շատ քիչ է մտածում։

Փոխանակ ազգի վիճակագրական և նորա տնտեսական դրությունը արտահայտող հոդվածների և գավառական նամակների, մենք կարդում ենք լրագրության մեջ շատ անգամ աննշան և աննպատակ բանակռիվներ, որք ավելի անձնականության են դիպչում, որք պարունակում են յուրյանց մեջ ավելի երգիծական սրախոսություններ և հաճախ կեղտոտ հայհոյանքներ, քան թե միտք, լոգիկա և առողջ դատողություն։

Իհարկե, լինում են բացառություններ, բայց այդ բացառությունները դժբախտաբար այնքան փոքր են թվով, և այնքան չնչին, մինչ ընդհանուրի մեջ կորցնում են յուրյանց նշանակությունը։