Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/435

Այս էջը հաստատված է

Հայ ուսանողները ոչ մի կորպորացիայի մեջ չեն մտնում. նրանք պատկանում են հասարակ ուսանողների թվին: Բայց որպես հասարակ ուսանող ևս, հայերը չունեն այն բազմակողմանի պարապմունքները, որոնցով, բացի իր մասնագիտությունից, զբաղված է լինում բուն գերմանական ուսանողը: Օրինակ, հայ ուսանողը ոչ մի ուսումնական ժողովի և ընկերության մեջ չէ մտնում. ոչ մի ուրիշ բան, որպես են մուզիկա, մարմնամարզություն և այլն, չէ սովորում, և որպես Մոսկվայում կամ Պետերբուրգում, այստեղ էլ նույնպես դուրս չէ գալիս իր հայ ընկերների նեղ շրջանից: Ես մի քանի գերմանական հայ ուսանողներ միայն ճանաչում եմ, որոնց կարելի է բացառություն համարել: Իսկ մնացածները ճանաչում են միայն համալսարանի շինությունը, իրանց պրոֆեսորին և իրանք ընտրած առարկան, ուրիշ ոչինչով չեն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում իրանց չորս կողմում: Շատ շատ եթե մեկն այնքան աշխատասեր էր, բացի իր ընտրած մասնագիտությունից, կլսե դասախոսություններ մի քանի ուրիշ առարկաներից ևս, որոնք կապ ունեին իր մասնագիտության հետ: Ամեն ինչ նա սպասում է համալսարանից, իսկ դրսի ուսումնական շրջաններից օգուտ չէ քաղում: Երբեմն լրագրներ կկարդա, կամ գրքեր կվեր առնի մի գրադարանից: Բայց պետք է խոստովանվել, որ գերմանական հայ ուսանողները դարձյալ գերազանցում են Ռուսաստանի հայ ուսանողներից, թե իրանց աշխատասիրությամբ և թե իրանց վարքով. դրանք գոնե համեստ են. ինչ որ սովորել են, սովորել են հիմնավոր կերպով: Բայց Ռուսաստանի հայ ուսանողը շատ առարկաներ է սովորում առանց լավ մարսելու, և շուտով էլ մոռանում է: Բացի դրանից, զանազանությունը մեծ է: Ռուսաստանի հայ ուսանողը, որպես իր տեղում նկատեցինք, սովորում է ոչ թե գիտության համար, այլ դիպլոմ ստանալու համար, որ պաշտոնի մեջ այս և այն արտոնությունը կարողանա ձեռք բերել, և այս պատճառով նա վեր է առնում գիտությունից այնքան միայն, որ կարող է հասցնել նպատակին: Իսկ գերմանական հայ ուսանողի վրա ազդում է շրջապատը, նա իրան նվիրում է միմիայն գիտության — ուսանում է ուսման համար, առանց որևիցե արտոնություն աչքի առջև ունենալու: Գիտության առաքելությունը — ահա՛ նրա գլխավոր նպատակը: Նա ծառայում է մի դրոշի, որի նշանաբանն էր` գիտությունը միայն: Եվ այսպիսով շատերը մեր երիտասարդներից նշանավոր եղան ոչ միայն հաջող քննություն տալով, բայց նույնիսկ Գերմանիայում պրոֆեսորի կամ պրիվատ դոցենտի ամբիոն ստանալով: