Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/437

Այս էջը հաստատված է

առաջարկվեցավ յուրաքանչյուրին իր ազգի լեզվով մի փոքրիկ ճառ կարդալ, և երբ հերթը հասավ մի հայ ուսանողի, նա հայտնեց, թե չգիտե հայերեն. ամեն կողմից ծանր հանդիմանություն ստացավ։ Եվ նա այնուհետև սկսեց սովորել իր ազգի լեզուն, որովհետև նրանից խոստմունք առեցին, որ մյուս տարվա խնջույքի ժամանակ անպատճառ պետք է կատարե իր ընկերների ցանկությունը։

Պետք չէ մոռանալ և այն, որ գերմանական և առհասարակ արտասահմանյան դիպլոմները որևիցե արտոնություն չտալով ուսանողին Ռուսաստանում, նրանք վերադառնալուց հետո ստիպված են լինում ընտրել ազատ պարապմունքներ։ Եվ այսօր ուրախալի է տեսնել, որ նրանց մեծ մասն ազգային գործիչներ են։ Մեր դպրոցների նշանավոր վարժապետները, տեսուչները, մեր այժմյան խմբագիրները, բոլորը գերմանական համալսարանների պտուղներ են։

Դառնանք դեպի ֆրանսիական ուսանողները։

Ֆրանսիայում հայ ուսանողներն ընտրում են միայն Փարիզը։ Ես գոնե, բացի մի բժշկից, չեմ ճանաչում ուրիշ ուսանողներ, որոնք Ֆրանսիայում մի բան սովորած լինեին։ Բայց ճանաչում եմ շատ թերուսներ, որոնք երկար տարիներ Ֆրանսիայի մայրաքաղաքում թափառելեն հետո, առանց մի հիմնավոր գիտություն սովորելու, վերադարձել են հայրենիքը, բերելով իրանց հետ միայն ֆրանսիական արտաքին փայլը, որ աչքի է զարկում կապկության բոլոր միմոսություններով։ Երևում է, Փարիզը — այդ գիտության, հեղափոխության, մարսելիեզի և շռայլության մայրաքաղաքը — իր գրիզետներով և կաֆեշանտաններով բոլորովին կախարդում է, խելքից հանում է միամիտ հայ ուսանողին, երբ ընկնում է այդ համաշխարհական Բաբելոնի մեջ։ Փարիզը միջին կետ չունի. նա միշտ պատրաստում է ծայրահեղ մարդիկ, կամ խոշոր հասարակական գործիչներ, կամ երևելի հանճարներ, և կամ շրջմոլիկ, աննպատակ շարլատաններ։

Փարիզում Լատինական թաղը պատմական նշանակություն է ստացել որպես ուսանողների բնակարան։ Նրա խուլ փողոցներով ոչ մի պատվավոր կին իրան թույլ չի տա անց կենալ գիշերվա 9 ժամից հետո, վախենալով, մի՛ գուցե հանդիպե ուսանողների անպատկառ մի խմբի։ Փարիզի ուսանողներն առհասարակ սակավ են պարապում, խիստ փոքր է այն աշխատավորների թիվը, որոնք ամիսը մի անգամ հաճախում են դասախոսություն լսելու։ Նրանք