Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/440

Այս էջը հաստատված է

Բայց հայ ուսանողը մոռանում է բոլորը... Սրտի և մտքի դատարկության մեջ միշտ տեղ են գտնում հիմար ցնորքներ...

Ես վերջացրի իմ նկարագիրը Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի հայ ուսանողների մասին. հիմա տեսնենք, ինչ են շինում նրանք, երբ վերադառնում են իրանց հայրենիքը և մտնում են կյանքի մեջ։


Դ


ԹԻՖԼԻՍԸ ՈՐՊԵՍ ԿԵՆՏՐՈՆ


Թիֆլիսն իր այժմյան դրությունով ներկայացնում է մի կենտրոն, ուր հանդիպում ենք մեր երիտասարդության բազմատեսակ տիպերին։ Այստեղ են գտնվում մեր մտավոր զորության ներկայացուցիչները — մեր ինտելիգենցիան, այստեղ է գործում մեր մամուլը, այստեղ են խմբվում գավառներից մեր նշանավոր ուժերը, և վերջապես այստեղ մեր խոշոր և մանր դրամատերները հրաշք են գործում առևտրական հրապարակի վրա։

Իմ հետազոտության մեջ ես անձնավորություններ չպիտի շոշափեմ. ես կվեր առնեմ առանձին առանձին խմբեր միայն, որոնք պատկանում են այս և այն դասակարգին և գործում են մի որոշ ասպարեզի վրա։ Բայց ինչ պետք է արած, որ մեր շրջանն այն աստիճան նեղ է, որ ամեն մի խմբի վրա խոսելիս, ընթերցողը կամա-ակամա պիտի երևակայե որևիցե անձնավորություն։

Սկսում եմ համալսարանականներից։

Ավարտելով իր ուսումը որևիցե համալսարանում, կամ կիսավարտ, երիտասարդը գրքերը ծալում մի կողմ է դնում, ապսպրում է հմուտ դերձակներից մեկին մի քանի ձեռք հագուստ, գնում է ցիլինդր և պենսնե, ջոկում է ձեռնոցների համեմատ գույները, թողնում է ծնոտի վրա մի պուրակ մազ, և այս բոլոր պատրաստություններով վերադառնում է իր հայրենիքը, ուր նրան սպասում են հայր, մայր, բարեկամներ և վերջապես ազգը։ Արտաքին կերպարանքը վատ չէ, ներկայացնում է ուսյալ մարդու բոլոր ընդունված ձևերը, իսկ ներքինը զգուշությամբ թաքցնում է։ Նա քիչ է խոսում, չէ մտնում ծանր վիճաբանությունների մեջ և միշտ աշխատում է ցույց տալ, թե «արհամարհում է»։ Բայց պատահած տեղը, երբ իր ատամների հարմար մարդ է գտնում, լավ գզգզում է, այլևս նրա սոֆիզմներին և ճոռոմաբանությանը չափ չկա։