Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/444

Այս էջը հաստատված է

կյանքի մեջ մտնելուց հետո, պետք է ծառայե այս և այն գաղափարի իրագործելուն, պետք է օգուտ բերե հասարակությանը և իր ազգին։ Բայց վերջը բոլորը մոռանում է, բուրժուազանում է, և սկսում է մտածել իր փառքի, հանգստության և քսակի մասին: Այս տեսակ երիտասարդը բնավորությունից զուրկ, թույլ և զզվելի արարած է, որովհետև դավաճանում է իր ուխտին։

Ես ցույց տվեցի բարձր ուսում ստացած երիտասարդությունը որոշող երկու ընդհանուր գծերը։ Բայց գտնվում են և հզոր բնավորություններ։ Դրանք հերոսներ են, այսպիսիներին չէ կարելի չհարգել։ Դրանք աշխատում են ձեռք բերել մի պաշտոն, մի գործ այն մտքով միայն, որ ապահովեն իրանց անձը, որ հարստանան, և այն հարստությունով կարողանան իրագործել իրանց ազգօգուտ նպատակները։ Եթե ես կունենամ տարեկան հինգ հազար ռուբլի ավելորդ եկամուտ,— ասում էր ինձ մի երիտասարդ, — այն ժամանակ կսկսեմ հայերեն մի ամսագիր հրատարապել»։ Բայց հայերեն ամսագիր հրատարակել նշանակում է՝ տարեկան 3—4 հազար ռուբլի դեֆիցիտ ծածկել։ Եվ նա կատարեց իր խոստմունքը, երբ պաշտոնի մեջ մտավ։ Այդ ամենահիմնավոր ձևն է հասարակական գործունեության։ Մեր ազգային գործերը պահանջում են մեծ զոհաբերություններ։ Աղքատ և անապահով վիճակի մեջ գտնվող երիտասարդները հազիվ թե կարող էին մի նշանավոր գործ կատարել: Կամ պետք է ժառանգական հարստություն ունենալ, կամ պետք է մի կողմնակի պարապմունք գտնել, փող վաստակել, մի մասով ապրել, իսկ մնացածը ծախսել որևիցե հասարակական բարի նպատակի համար։ Որովհետև մեզանում ազգային պարապմունքները ոչ միայն նյութական շահ չեն բերում, այլ պետք է մի բան էլ իր գրպանից ծախսել, որ գործը առաջ գնա։ Այդ ես ցույց կտամ իր տեղում, երբ կխոսեմ Թիֆլիսի մեր գործիչների մասին։ Այժմ տեսնենք ինչ է շինում երիտասարդությունը մյուս ասպարեզներում։

Ինչ որ նկատեցի իմ հետազոտության նախընթաց գլխում ուսանողների կյանքի և աշխատասիրության մասին, հայտնելով այն միտքը, թե գավառացիները գերազանցում են բուն թիֆլիսեցիներից—նույնը պետք է ասեմ և այժմ։ Եթե կտեսնեք Թիֆլիսում մի երիտասարդ, որ հետաքրքրվում էր ազգային և հասարակական գործերով, որ իր աշխատության մի մասը նվիրում էր նրանց — անպատճառ նա գավառից եկած պետք է լինի, կամ ինքը, կամ հայրը, կամ պապը: Բուն թիֆլիսեցին փչացած, այլանդակված և հրեշավոր արարած է, նրա համար հայ կամ հայի առաջադիմություն