Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/445

Այս էջը հաստատված է

կոչված բանը ցորք է։ Նա ընկնում է միշտ երկու ծայրահեղությունների մեջ, կամ վազում է միայն «չինի» և փառքի ետևից, կամ համալսարանից վերադառնալով դարտակ գլխով և դարտակ սրտով, լինում է իր հոր հարստության ցեցը, և սկսում է շռայլաբար վատնել այն բոլորը, ինչ որ ողորմելի հայրը դիզել էր իր հոգու, մարմնի և պատվի գնով։ Այդ վրացիացած ընտանիքների զավակները ոչ մի օրինավոր բան չեն արդյունաբերում։ Գավառացի երիտասարդը թե բարոյապես և թե մտավորապես բարձր լինելով, հենց որ ընկնում է Թիֆլիսում, սկսում է հրաշքներ գործել։ Թիֆլիսի հայոց նշանավոր խմբագիրները, վարժապետները, գրողները, բժիշկները, դատաստանական ծառայողները և մինչև անգամ խոշոր կապիտալիստները, բոլորը գավառացիներ են։ Եթե կան մի քանի բուն թիֆլիսեցի գործիչներ, նրանց կարելի է մատներով համբարել։

Մի տասը տարի առաջ «չինովնիկությունը» և առհասարակ արքունական ծառայությունը Թիֆլիսի երիտասարդների համար իր ծաղկյալ մոդայի մեջն էր։ Բայց այն օրից, երբ հիմնվեցան բանկեր, երբ երկաթուղու ծայրը հասավ այս քաղաքին, բարձր ուսում ստացած երիտասարդությունը սկսեց որոնել ազատ պարապմունքներ։ Կարծես թե, ատենական տեղերի ճնշված օդը խեղդում լիներ նրանց։ Այժմ մի յուրիստ բարվոք է համարում ազատ փաստաբանությունը կամ նոտարիուսի կանտորան, քան թե նահանգական դատարանում լինել դիվանի անդամ։ Ֆինանսական ձեռնարկություններն ավելի հրապուրում են մեր երիտասարդներին. բանկերը լցված են նրանցով։ Ռեալական կյանքի ռեալական ոգին բաց է արել նրանց առջև մի նոր ասպարեզ։ Շատերը գնում են հողեր և անտառներ Թիֆլիսի շրջակայքում, կամ Վրաստանի կողմերում։ Ոմանք կառավարում են այս և այն դրամատիրոջ կալվածները։ Ոմանք աքցիաների հետ են խաղում։ Իսկ շատերը, որոնք առաջ արհամարհում էին վաճառականությունը և կապալառությունը որպես ստոր պարապմունքներ, այժմ սկսել են նույն գործերով զբաղվել։ Ագենտուրան և կոմիսիոներությունը նույնպես ոչ սակավ գրավում են մեր երիտասարդներին։ Կան օրինակներ, որ համալսարանական երիտասարդը հիմնում է աղյուսի գործարան, կամ արտասահմանից բերել է տալիս տախտակներ սղոցելու մեքենաներ։ Այս տեսակ ձեռնարկությունների մեջ, կամ առհասարակ առանձին պարապմունքներով զբաղվողները լինում են խիստ գործունյա, ուրախ, զվարթ, նյութապես ապահովված, և երբեք չեն կորցնում իրանց