Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/447

Այս էջը հաստատված է

Ես մի առանձին բավականություն եմ զգում, երբ այժմ պետք է նկարագրեմ կյանքն այն երիտասարդների, որոնք հանձն առնելով ամեն տեսակ զոհաբերություններ, որոնք համբերելով ամեն տեսակ հալածանքների, պատերազմում են արգելքների դեմ, գործում են, աշխատում են, թեև առանց խրախույս և մխիթարություն գտնելու ամբոխից, բայց դարձյալ լի հավատքով կրկնում են — «ապագան մեզ է պատկանում»։ Այդ հույսը լցնում է նրանց սիրտը մի սրբազան հպարտությամբ, և իրանց աղքատության մեջ խիստ զզվանքով նայում են մոտից անցնող բուրժուային, որ փառավոր կառքի մեջ նստած, թնդացնում է Թիֆլիսի փողոցները։

Առանձին ուշադրության արժանի է այն երիտասարդությունը, որ պտտվում է այս և այն խմբագրատան շուրջը։ Դրանք կազմում են տարբեր շրջաններ, որ որոշվում են իրանց հատուկ ավանդություններով։ Ես ոչ մի լրագրի ուղղությունը, լավ կամ վատ կողմերը քննադատելու նպատակ չունեմ։ Ես պիտի վեր առնեմ գործիչներին միայն։

Յուրաքանչյուր սերնդի համար թանկ է ժամանակի մի որոշ շրջանը։ Ես երբեք մոռանալ չեմ կարող 72 թվականը, երբ սկսվեցավ հրատարակվել «Մշակ» լրագիրը։ Ի՞նչ կյանք էր տիրում այն ժամանակ Թիֆլիսում, ի՞նչ դրության մեջ էր գավառների վիճակը։ Ամեն տեղ տիրում էր մի տեսակ անշարժություն, մի տեսակ թմրություն, մի տեսակ մեռելություն։ Հանկարծ, կարծես մի դյութական գավազանի հարվածքից, զարթեցավ կյանքը։ Ոչ ոք չէր հավատում, թե այսպես կարող էր լինել։ Հավատում էր միայն երիտասարդների մի փոքրիկ խումբ։ Ես հիշում եմ այն գեղեցիկ տարիները, այն հրաշալի գիշերները, երբ այդ խումբը հավաքված խմբագրատան մեջ, կարդում էին, ծխում էին և վիճում էին։ Մեզանից շատերը հագներին շապիկ չունեին, մտնում էին այնտեղ բոլորովին պատառոտած կոշիկներով, այսուամենայնիվ, մենք ամենքս էլ ֆատալիստի հուսով հավատում էինք, թե կտիրապետենք մի մեծ ապագայի։

Սկզբում այս լրագրի շուրջը խմբվեցավ համալսարանական դիպլոմավոր երիտասարդությունը։ Բայց նրանք շուտով ցրվեցան. կարծես թե, գործը խորթ թվեցավ իրանց։ Նրանք չհավատացին այս լրագրի ճակատագրին։ Մնացին դիպլոմից զուրկ ինքնուսներս — ինքնակրթությամբ զարգացած մանկտին — անաջողությունների տակ ճնշված, ամեն տեղից հալածված, բայց դարձյալ իր