Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/448

Այս էջը հաստատված է

վեհությունը պահպանած մանկտին։ Ահա այդ ուժերը իրանց ուսերի վրա բարձրացրին «Մշակի» դրոշակը։

Հին «Մեղուն» այն ժամանակ նմանվում էր մի մաշված և ջարդված սայլակի, որին ճռնչելով քաշ է տալիս մի ուժաթափ ձի։ Սայլավարը բոլորովին հուսահատված, մոլորված, և կես ճանապարհի վրա կանգնած, մտածում էր. «հիմա դեպի ո՞ր կողմը քշեմ»։ «Մշակից» բաժանված խումբն այս դրության մեջ գտավ մաշված սայլակը։ Նրան նորոգեցին, կարկատեցին և սկսեցին միևնույն ճանապարհով առաջ քշել...

Երիտասարդության աշխատանքը սուրբ է ինձ համար, որովհետև նոր կյանքի և նոր զորության արտահայտություն է։ Ես «Մեղուի» ուղղությունը քննադատելու նպատակ չունեմ. այստեղ նույնպես գործում են մանուկ ուժեր։ Բայց պետք էր ի նկատի առնել այն մեծ վերանորոգիչի խրատը, թե «նոր գինին պետք է նոր տիկի մեջ ածել. եթե տիկը հին է, կպատռվի, և գինին վիթվելով, կոչնչանա...»։

Թե ինչ կյանք էր տիրում «Մեղուի» խմբագրատան մեջ` այդ մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև նրա շրջանի մեջ երբեք չեմ գտնվել։ Բայց այսքանը հայտնի է, որ «Մեղուին» շրջապատում էր համալսարանական և ապրուստի կողմից փոքր ի շատե ապահովված երիտասարդությունը, որոնք չէին կրում կյանքի այն դաժանությունները, որոնց դեմ ստիպված էին պատերազմել «Մշակի» աշխատակիցները։

Եվ այսպես, համալսարանականները հեռանալով «Մշակից»` ասպարեզը մնաց ինքնուսներին։ Այդ լրագրի խմբագիրը խիստ ճիշտ համեմատություն արեց, թե նա թողեց դպիրներին և փարիսեցիներին, և իրան շրջապատեց հասարակ ձկնորսներով — ժողովրդի չփչացած զավակներով։ Բայց պետք էր ցույց տալ հասարակությանը, թե այդ դիպլոմից զուրկ ուժերով կարելի էր կազմել մի նոր շկոլա։ Գործիչների առաջ դրած էին ահագին դժվարություններ ահագին պատրաստականությունների հետ։ Հողը միանգամայն խոպանացած էր։ Աշխատանքի բաժանություն չկար։ Ուզում եմ ասել, չկային ուրիշ օրգաններ, որոնց յուրաքանչյուրը հանձն առնելով մշակության մի ճյուղը, սկսեին աշխատել։ «Մեղուն» խիստ ծույլ գործակից էր, նոր բան արդյունաբերել չէր սիրում, իսկ «Արարատի», «Հայկական Աշխարհի» և «Դպրոցի» մասին խոսելն անգամ ավելորդ է։ Բայց հասարակությունը մտավոր սնունդ էր պահանջում։ Եվ այս պատճառով «Մշակը» ստիպված էր իր թերթերը