Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/452

Այս էջը հաստատված է

ճանապարհով, այլ և այլ ուղղությամբ է դիմում իր նպատակին։ Իսկ ո՞ր ճանապարհն ավելի ուղիղ է, ո՞րն ավելի շուտ կհասցնե — այդ ցույց կտա մերձավոր ապագան։ Այսուամենայնիվ, այդ երեք խմբերը, լավ թե վատ, գործում են, աշխատում են, և այդ իսկ պատճառով հարգելի են։

Բայց կա մի ուրիշ խումբ ևս, որ հիշյալ երեք կուսակցություններից ոչ մեկին չէ պատկանում։ Այդ խումբը ոչինչ չէ շինում, միայն մեջտեղում անգործ պտտվում է, խոսում է, բամբասում է, զևզեկություններ է անում և ինտրիգաներ է սարքում։ Ում պատահել է կարդալ Ալֆոնս Դոդեի վերջին րոմանը, (Jacques), խիստ ճիշտ գաղափար կարող է ստանալ հիշյալ խմբի մասին։ Այդ րոմանի մեջ կա մի տիպ Դարժանտոն անունով, որն իրան երևակայում է երևելի բանաստեղծ։ Նրա գլխում լցված են հարյուրավոր գրքերի վերնագրներ, որոնց նա մի ժամանակ պետք է գրե։ Միայն սպասում է իր մուզային, սպասում է ոգևորության։ Այդ ոգևորությունը նրա կարծիքով կարող է տիրել իրան, երբ ինքը կբնակվի մի շքեղ տան մեջ, շրջապատված գեղեցիկ պարտեզով և ծաղիկներով, նազելի սիրուհու կողքին, և աչքի առջև կունենա բնության հրաշալի տեսարանները։ Այդ բոլորը սարքում է նա, բայց մուզան դարձյալ չէ հայտնվում։ Նրա իդեաները, նրա սյուժետները գողանում են։ Լույս է տեսնում մի գիրք, մի հոդված, Դարժանտոնը բարկանում է, թե դա գրականական գողություն է, թե այն նյութն ինքը վաղուց գլխումը ուներ և մտածում էր գրել։ Դարժանտոնը շրջապատել է իրան մի քանի անաջողակներով (неудачники), որոնք նույնպես մեծ կարծիք ունեն իրանց հանճարի վրա, և ճաշեր են ուտում բանաստեղծի մոտ, շողոքորթում են նրա տաղանդը, և վճռում են ամբողջ մարդկության ճակատագիրը։ Վերջապես, Դարժանտոնը մտածում է մի թերթ հրատարակել և միանգամով ոչնչացնել Փարիզի բոլոր պարբերական հրատարակությունները։ Նրա բարեկամ անաջողակները խոստանում են աշխատակցել և միլիոններ վաստակելու հաշիվ են տեսնում։ Դարժանտոնը մի տեղից փող է գտնում և սկսում է հրատարակությունը։ Խմբագրատան հիմնական դրամագլուխը մտնում է նրա անաջողակ աշխատակիցների քսակը, իսկ ինքը ստանում է երկու բաժանորդներ միայն, մեկն` իր սիրուհին, մյուսն` իր սիրուհու նախկին սիրողը։ Դարժանտոնն այսքանը գոնե կատարեց, բայց Թիֆլիսի մեր Դարժանտոնները դեռ մտածում են...

Ամեն մի պերիոդ երիտասարդության կյանքի նշանավոր է լինում