Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/464

Այս էջը հաստատված է

ժողովրդի միջին դասին մատչելի լինեին։ Իսկ արհեստավորների կլուբն այն բարերար ազդեցությունը չունեցավ, որքան սպասվում էր։ Համեստ և հասարակական կյանքին դեռ չընտելացած արհեստավորն ավելի շռայլություն սովորեց, երբ տան չորս պատերի մեջ փակված կնոջը հանկարծ դուրս բերելով, սկսեց հաճախել կլուբի, «վեչերները»։ Այն ևս պետք չէ մոռանալ, որ կլուբում հաճախում են միայն հասակն առած արհեստավորները, ոչ թե երիտասարդությունը։ Այդ վերջինների զվարճությունն այն է, որ երբեմն հավաքվում են միասին և գնում են Օրթաճալա քեֆ են անում, կամ կիրակի օրերը մտնում են մի գինետուն և մի չարեք գինի ոտքի վրա խմելով, դուրս են գալիս։ Այսուամենայնիվ, երիտասարդ արհեստավորների բարոյականությունը համեմատաբար ավելի բարձր է, քան վաճառականների գործակատարներինը։ Արհեստավորներն ավելի վաղ են ամուսնանում և շուտով ընտելանում են ընտանեկան կյանքին. չքավոր տնտեսությունը նրանց ժամանակ չէ տալիս հրապուրվելու ախտերով։

Վեր առնենք մշակ դասը։

Թիֆլիսի հայոց ժողովրդաբնակության մեջ իսկապես մշակ դաս չկա։ Այն մշակները, որոնք փալանը ուսերին դրած լցնում են այդ քաղաքի հրապարակները, բոլորը գաղթականներ են Պարսկաստանից, Տաճկաստանից, կամ Հին-Նախիջևանի և Երևանի գավառներից այստեղ եկած։ Չէ կարելի երևակայել մի ավելի տաժանական աշխատություն, քան թե այն, որ կատարում են այդ մշակները։ Դրանք ընդհանուր անունով կոչվում են «համալներ»։ Համալի վիճակը և բեռնակիր գրաստի վիճակը ոչնչով չեն տարբերվում միմյանցից, երկուսն էլ ծանրություններ են կրում։ Թիֆլիսի քարվանսարաների, մաքսատան, երկաթուղու կայարանի, հրապարակների բոլոր համալները հայեր են։ Օտարազգիները չնչին փոքրամասնություն են կազմում։ Աշխատությունների տեսակները զանազան են. ոմանք բեռնակրություն են անում, տեղափոխում են ահագին, երբեմն 10-15-20 փութի ծանրությամբ հակեր և տակառներ։ Հսկայի ուժ և մկնակների սաստիկ զորություն պետք է այս գործի համար, բայց հայ համալը տանում է փալանով ամրացրած մեջքի վրա իր բեռը որպես մի թեթև փետուրյա բարձ։ Ոմանք, որ կազմվածքով ավելի թույլ են, կթոցների մեջ տներից աղբ են դուրս տանում և թափում են Կուր գետի մեջ, կամ ավելում են փողոցների անմաքրությունները։ Ոմանք ջրկիրներ են, փոքրիկ թուլուխների մեջ, որ քաշ են տալիս ուսից, ջուր են բերում