Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/471

Այս էջը հաստատված է

էր մեր մեջ հաղորդակցության կապ լինել, այն ևս չկար։ Տաճկաստանցի հայը գործ ուներ եվրոպացիների հետ, իսկ մեր վաճառականը Մոսկվայի և Նիժնայի հետ։ Մի քանի ծխախոտ ծախողներ վերջին ժամանակներում միայն սկսեցին հայտնվել Թիֆլիսում։

Մնում էր երկու բան, որ կարող էին մեզ ծանոթացնել միմյանց հետ, այն է` գրականությունը և լրագրությունը։

Բայց մի՞թե մենք ունենք գրականություն։ Մենք ունենք արդարև, հին, կլասիկական հարուստ գրականություն, բայց նոր ոչինչ չունենք։ Եղիշեն կարդալով կարող ենք տեղեկություն ստանալ, թե որպես էր տանջվում հինգերորդ դարու հայը պարսիկներից, իսկ այժմյան Թուրքիայի հայի վիճակի մասին նա մեզ տեղեկություն չի տա։

Մի ազգի կամ մի ժողովուրդի հետ կարելի է ծանոթանալ իր գրականությունից, մինչև անգամ նրան չտեսնելով, բայց այն ժամանակ միայն, երբ գրականությունը կլիներ կատարյալ արտահայտություն նույն ազգի կյանքի և մտավոր զորության, երբ գրականության մեջ կհայտնվեր նա իր տնտեսական, արհեստագործական և ընկերական կյանքով, իր մտածություններով և ձգտումներով, մի խոսքով, իր կեցության բոլոր բազմատեսակ կողմերով։ Այսպիսի գրականությունից թե մենք և թե մեր տաճկաստանցի եղբայրները զուրկ ենք։

Ի՞նչ գործ էր կատարում լրագրությունը։

Մեր լրագրությունը «Մշակի» գոյություն ստանալուց առաջ ամենևին չէր զբաղվում տաճկաստանցիներով. նա չէր զբաղվում և մեր տեղական հարցերով կամ մեր կյանքով։ Իսկ Տաճկաստանի հայոց լրագրությունը հենց այսօր նույն ողորմելի վիճակի մեջն է, ինչ որ էր մեր լրագրությունը տասը տարի առաջ։

Ես համոզված եմ, եթե մեկը այժմ վեր առնի «Մշակի» և «Մեղուի» (նորի) բոլոր համարները և ուշադրությամբ ուսումնասիրե, կստանա, եթե ոչ բոլորովին կատարյալ, բայց բավականին պարզ գաղափար Ռուսաստանի հայոց կյանքի մասին. կտեղեկանա նրանց տնտեսական վիճակը և թե ուսումը, կրթությունը ո՛ր աստիճան առաջ է գնացել, կամ ի՞նչ դեր են խաղում նրանք արհեստի և վաճառականության մեջ, և մասնավոր վիճակագրական տեղեկություններ կունենա, թե ո՛րքան թվով ո՛րտեղ են բնակվում և այլն։ Իսկ Կ. Պոլսի լրագրությունը չէր կարող մեզ այս տեղեկություններից և ոչ մեկը տալ, որովհետև նա տեղական հարցերով չէր զբաղվում։ Կ. Պոլսի լրագրությունը զբաղված էր Եվրոպայի և պատրիարքարանի