Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/475

Այս էջը հաստատված է

կապ և հարաբերություն ունենալ։ Բավական չէ այն, որ մենք նրանց հետ դրացիներ ենք, բայց մեր դրացությունը մինչև այսօր եղել է այնպես, որ առիթ չենք ունեցել լավ ճանաչել միմյանց։ Եվ մեր հոդվածի սկզբում նույնպես նկատեցինք, որ մեր և տաճկաստանցոց մեջ չկա և չի եղել որևիցե միացնող կապ։

Մեր մեջ կա մի կապ միայն, այն է` ազգակցական, որ նրանք և մենք միևնույն ցեղին ենք պատկանում, միևնույն լեզվովն ենք խոսում, և մեր երակների մեջ միևնույն արյունն է վազում — այսքանը միայն։ Մի ուրիշ կապ էլ ունենք, այն է կրոնական, որ մենք և նրանք միևնույն եկեղեցուն ենք պատկանում։ Իսկ վերջին կապը հազիվ թե կարելի է ամբողջական համարել զանազան հերձվածների պատճառով — մեր կաթոլիկ, բողոքական և մահմեդական եղբայրների մեզանից բաժանվելով — այլև բուն լուսավորչականների վերաբերությամբ նույնպես թույլ է նա, որովհետև, մեր մեղքից, մեր եկեղեցական կառավարությունները երկու հակառակ պետությունների մեջ` Թուրքիայում և Ռուսաստանում — կարծես, մինը մյուսին հակառակ աթոռներ են ներկայացնում, և այդ ավելի նկատելի եղավ վերջին քաղաքական հանգամանքներում, երբ Էջմիածնի վեհարանն իրան խուլ անտարբերության մեջ պահեց, ամենևին չմասնակցելով Կ. Պոլսի պատրիարքարանի ձգտումներին։ Պատմությունը, իհարկե, կդատապարտե այդ մեծ անուշադրությունը, իսկ ժամանակակից բարեմիտ մարդը չէ կարող առանց խորին վրդովմունքի նայել դրա վրա։

Ցավելով պետք է խոստովանվել, որ չնայելով մեր ամենիս բոլոր ցանկությանը, վերջին ժամանակներում, լուսավորչական ս. աթոռի վեհափառի ընտրությունը Թուրքիայի եկեղեցականներից չարդարացրուց այն հույսը, որ սպասվում էր, այսինքն, որ Տաճկաստանից ընտրված ընդհանուր հայոց վեհ. Կաթողիկոսը կամրացներ հայրապետական աթոռի կապերը Կ. Պոլսի պատրիարքարանի հետ, որպես ավելի բազմաթիվ հայ ազգաբնակության եկեղեցու ներկայացուցչի։ Այս խոսքերը մեզ ասել են տալիս մի քանի տխուր փաստեր, որոնց հիշելը ավելորդ ենք համարում։ Եվ որ ավելի վնասակարն է, այն է, որ նույնիսկ ս. Էջմիածնի մեջ առաջ եկավ մի տեսակ խորթություն — վեհարանն առանձնացավ ամբողջ միաբանությունից։ Ով որ փոքր ի շատե ծանոթ է ս. Էջմիածնի այժմյան դրությանը, կհամաձայնի մեզ հետ։ Այդ, իհարկե, պետք է համարել մի կամայական զեղծում, որ առաջ է եկել ավելի անձնավորություններից, և որն ապագայում կարող է ուղղվել, երբ նույն