Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/478

Այս էջը հաստատված է

տպագրությունը և առհասարակ գրականությունը, դա առաջ եկավ վենետիկցոց հետ մրցությունից. եթե նրանք սկսեցին բարեկարգել և բազմացնել իրանց դպրոցների թիվը, դա առաջ եկավ բողոքականների հետ մրցելուց։ Կաթոլիկությունն այժմ հայերի մեջ հասել է մի կետի, որ այլևս առաջ չէ գնում, և կարելի է ասել, որ նրանցից շատերը վերադառնում են դեպի իրանց հայրենի եկեղեցին, երբ փոքր-ինչ զարգանում են։ Իսկ բողոքականությունն այժմ մեծ գործունեության մեջ է. բայց հավանական չէ նրանցից սպասել այն վտանգը, որ կարծվում է, որովհետև Փոքր Ասիայի մեջ գործող միսիոնարներն ըստ մեծի մասին պատկանում են Ամերիկայի մեթոդիստների Պորտ ընկերությանը, որոնք անգլիականների կամ անգլիացոց հետ ոչինչ կապ չունեն և մինչև անգամ սաստիկ հակառակ են վերջիններին։ Իսկ եթե կմտնեն հայերի մեջ բուն անգլիականները, այն ժամանակ գործը կփոխվի, նրանք կարող էին վտանգավոր լինել. հայերից շատերը կընկնեն նրանց գիրկը, անգլիական կոնսուլներից և գործակատարներից պաշտպանություն գտնելու համար։

Եթե քննենք Թուրքիայում կրոնափոխությունների պատճառը, կտեսնենք որ, դավանաբանական համոզմունքը, խղճի ազատությունը այստեղ բոլորովին երկրորդական դեր է խաղում, այլ ըստ մեծի մասին մարդիկ հեռանում են իրանց հայրենի եկեղեցուց կյանքի զանազան նյութական կարիքների պատճառով։ Տեսնում եք, միսիոնարը հայտնվում է մի տեղ։ Նրանք առհասարակ ընտրում են խուլ անկյուններ, ուր տիրում է մտավոր և նյութական աղքատություն։ Նրա քարոզների առաջին ունկնդիրները լինում են այն մարդիկը, որ իր տանը ծառայում են` խոհարարը, սպասավորը, ձիապանը, նրանց կանայք և այլն։ Ստանալով մեծ միջոցներ իր հայրենիքից, և օգուտ քաղելով երկրի էժանությունից, նա չնչին վարձատրություններով կարողանում է իրան շրջապատել անթիվ ծառաներով և շքեղ կացությամբ։ Տան ծառաների վրա ավելանում են վարժապետները, տպարանի մշակները, մասնավոր քարոզիչներ և բոլոր այն մարդիկ, որ որևիցե պաշտոն են կատարում և միսիոնարից ամսական են ստանում։ Այսպիսով, կազմվում է նրա փոքրիկ եկեղեցին։ Բայց կտրվեցավ մեկի ամսականը, զրկվեցավ նա իր տեղից — մյուս օրը այլևս չի գնա «պատվելիի» քարոզը լսելու։

Բայց «պատվելին» իհարկե չէ կարող իր ունկնդիրների բոլորին գործ հանձնել և ռոճիկ տալ, և նրանց պահպանելու համար ստիպված է ուրիշ կերպով օգնել, կամ փող ընծայելով, կամ պաշտպանելով