Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/483

Այս էջը հաստատված է

Տրդատը, Լուսավորիչը, Վարդանը, Ներսես Մեծը և այլն, որքան լուսավորչականին են պատկանում, այնքան էլ պատկանում են հայ բողոքականին և հայ կաթոլիկին։ Ազգային պատմությունը, ազգային անցյալն ամբողջ ազգի սեփականությունն է, ինչ կրոնի և ինչ աղանդի պատկանելու լինեին նրա կազմող մասերը։

Եթե այսօր հայ բողոքականը և հայ կաթոլիկն իրանց հայ չեն համարում, այդ անկրթության հետևանք է։ Մի՞թե անկիրթ հայ լուսավորչականը միևնույն աչքով չէ նայում նրանց վրա. մի՞թե նա բողոքականին և կաթոլիկին հայ է համարում։ Որպես հայ կաթոլիկը իրան ֆրանգ է կոչում, այնպես էլ հայ լուսավորչականը նրան ֆրանգ է կոչում։ — Այդ բոլորն առաջ է գալիս այն համոզմունքից, թե ազգայնությունը պետք է որոնել եկեղեցու մեջ։ Եվ այդ բոլորը կանհետանան այն ժամանակ, երբ ազգայնության գաղափարը կրթության միջոցով կընդհանրանա ամեն մի անջատված մասերի մեջ։

Եվ Թուրքիայի պետական մարդիկը շատ լավ են հասկացել վերոհիշյալ հանգամանքները. «բաժանեա՛, զի տիրեսցես» — ահա՛ նրանց դեվիզը։ Մեզանից ամեն մեկն առհասարակ խիստ արհամարհական կարծիք ունի Թուրքիայի պետական մարդերի վրա. նրանք, թեև հանճարներ չեն, նրանք թեև մի-մի երևելի ավազակներ են, որ կողոպտում են արքունի գանձը, և ամբողջ նահանգների ժողովուրդը վերջին թշվառության մեջ են ձգում, բայց խորամանկության մեջ, դիվանագիտական խաբեության մեջ և ընդհանրապես մաքիավելլիզմի մեջ անհամեմատ շնորհալի են։ Նրանք շատ լավ են հասկանում պետության մեջ եղող բոլոր ցեղերի հարաբերությունները, նրանց ձգտումները, և եթե վնասակարության մի փոքրիկ նշույլ են տեսնում, գիտեն, թե ինչ եղանակով պետք էր կամ հարմար էր խեղդել նրանց ձգտումները, կամ բոլորովին ոչնչացնել։ Նրանք չեն արհամարհում օգուտ քաղել և ամենափոքր միջոցներից, որոնցով կարելի էր մի ցեղի մեջ երկպառակություն ձգել և նրա միության կապերը քանդել։ Նրանք վաղուց են հասկացել, թե ի՜նչ միջոցով կարելի է քայքայել հայ ժողովրդի ամբողջությունը, որ լուսավորչական եկեղեցուց դուրս հայ չէ ճանաչում։ Եվ այդ է պատճառը, որ Թուրքիայում կրոնափոխությունն այնպես արագ քայլերով առաջ է գնում. որովհետև կառավարությունն ինքը նպաստում է։ Այս բոլորից հետո զարմանալի չէ տեսնել, որ հայկական խնդրին կից հարուցվեցավ հասունյանների և հակահասունյանների դադարած կռիվը։