Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/486

Այս էջը հաստատված է

որ մեր մեջ էլ չկան մեծ մարդիկ), որ մինչև անգամ չէին կարող մտածել, թե ինչ պետք է իրանց և ինչ բանի համար պետք է գրել։ Տեղային սահմանափակ միջոցները չկարողացան ստեղծել զորավոր տաղանդներ զորավոր գործերի համար, և մնալով տկար, նրանք չկարողացան ծառայել ազգային գլխավոր պահանջներին — նրա փրկությանը օտարի ճնշող ներգործությունից։ Իսկ մեր մեջ, թեև չկան զորավոր տաղանդներ, բայց կան զարգացած մարդիկ, որոնք կարող են ավելի նպատակահարմար և հիմնավոր կերպով գործել, քան թե կ. պոլսեցիք։

Բայց կան և մարդիկ, որ այսպես են մտածում. «թողեք տաճկաստանցիներին հանգիստ մնալ, մի՜ պղտորեք նրանց միտքը, նրանք ավելի լավ են հասկանում իրանց գործը, մենք մեծ հույսեր ունենք նրանցից» և այլն։ Երանի, թե գիտենայինք ինչ բանի վրա են հիմնված այդ հույսերը։ Այս տեսակ խոսքերով կարելի է ամբողջ գրքեր գրել, միայն թե ցանկություն լիներ անիմաստ բառեր շարել։ Եվ զարմանալին այն է, որ այդ պառավախոս իմաստակները համարձակվում են մի ամբողջ ընկած ժողովրդի «գեղեցիկ» ապագան նախագուշակել դարտակ հույսերով միայն, առանց նրան ճանաչելու, առանց նրա ներկա դրությունը հասկանալու։ Դրանք նմանում են այն եղերամարք կոչված պառավներին, որ հրավիրվում են դիակների վրա երգ երգելու. նրանց համար միևնույն է, թե ո՜վ էր, ինչ տեսակ մարդ էր հանգուցյալը, կարող են նրան մինչև անգամ չճանաչել, կարող է նա բոլորովին ոչինչ մարդ լինել. բայց նրանք միշտ իրանց սովորական երգն են երգում, գովասանում են նրա չգործած սխրագործությունները, նրա առաքինությունները, գութ և ափսոսանք են շարժում, որովհետև դրա համար վարձ են ստանում։

Միշտ հույս և հույս — այդ է իմաստակների խոսքը, թեև դարտակ հույսն առանց գործի ոչ մի նպատակի չէ հասցնում։ Անշարժության այդ վարդապետները, ես հավատացած եմ, կցանկանային, որ ամբողջ մարդկությունը մումիաներ լինեին և երբեք չփոխվեին, փույթ չէ, եթե նրանց մեջ կյանք չէր լինի։

Ո՛չ, մենք պետք է խոսենք, պետք է մտածենք մեր տաճկաստանցի եղբայրների մասին, պետք է քննենք նրանց և բոլորը կրիտիկական խստությամբ քննենք։ Քանի որ կատարելապես չենք ուսումնասիրել, քանի որ չունենք և չենք աշխատի ունենալ նրանց դրության մասին ճիշտ և մանրամասն տեղեկություններ — մեր բոլոր ջանքը, մեր բոլոր աշխատությունը նրանց օգնելու մասին