Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/491

Այս էջը հաստատված է

և անընդհատ նախապատրաստության գործի մեջ, որպեսզի նրանք կազմ և պատրաստ հանդիպեն այն մեծ օրվանը, երբ կրկին անգամ կզարկե ազատության ժամը։ Իսկ այդ օրը կկրկնվի, և շատ անգամ կկրկնվի… գուցե շատ հեռու չէ մեզանից…

Շատերը դժգոհությամբ խոսում են. — «արևելյան խնդիրն այս անգամ էլ չվերջացավ...». — «ա՛խ, ե՞րբ պետք է վերջանա այդ արևելյան խնդիրը...»։ Խիստ միամիտ խոսքեր են դրանք։ Արևելյան խնդիրը Եվրոպայի կենսական խնդիրն է։ Կյանքի խնդիրները չեն վերջանում, այլ ժամանակավորապես պայմանավորվում են։ Ամբողջ հայոց ազգի մտածողների մեջ ես միայն մի մարդ եմ ճանաչում, որ իսկապես հասկացել էր, թե ինչ է նշանակում արևելյան խնդիր, և հասկացել էր այն ժամանակ, երբ այդ դիպլոմատիական տերմինը դեռ մեզանից շատերին ծանոթ չէր։ Միթե արևելյան խնդիրը կարո՞ղ է վերջանալ. — ո՛չ, նա կմնա անվախճան, որքան ինքը արևելքը հավիտենական է։ Դա մի պատմական խնդիր է և պիտի ձգվի ազգերի պատմության հետ։ Մի ժամանակ արևելքից ազգերը հեղեղի հոսանքով թափվում էին Եվրոպան կողոպտելու համար։ Այժմ դերերը փոխվել են։ Այսուհետև Եվրոպայից պիտի հոսեն դեպի արևելք Ասիայի հարստություններից օգուտ քաղելու։ Եվ ամեն մի հոսանք կհարուցանե մի նոր արևելյան խնդիր։ Այսօր ռուսը և անգլիացին արևելքում շատ շահեր ունեն և մրցում են միմյանց հետ։ Հետո կսկսե գերմանացին, ֆրանսիացին և մյուսները։ Ամեն մի եվրոպական պետություն աճելով, սեղմվելով իր երկրի նեղ սահմանների մեջ, և սպառելով նրա հարստությունները, պետք է դիմե դեպի արևելք ապրուստ որոնելու։ Եվ ամեն մի նոր արշավանք կամ գաղթականություն կհարուցանեն մի նոր արևելյան խնդիր։ Եթե մինչև այսօր եվրոպական ազգերի հոսանքը դեպի արևելք թույլ էր գնում, այդ մասին պետք է շնորհակալ լինեն Ամերիկային, որի հայտնվելը մի քանի դար թուլացրուց եվրոպացիների հոսանքը դեպի Ասիա. իսկ այժմ Ամերիկան էլ լցվելու վրա է։ — Ուրեմն արևելյան խնդիրը միշտ կա ու կմնա, և տաճկաստանցի հայը պետք է նախապատրաստվի օգուտ քաղել հարմար դեպքից, երբ մյուս անգամ կհուզվի նա։

Իսկ եթե նա միշտ անպատրաստ կմնա՞։

Այն ժամանակ դժբախտ Հայաստանը — այդ Եվրոպայի և Ասիայի պատմական կամուրջը — ազգերի անցուդարձի ներքո կտրորվի և կոչնչանա...