Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/501

Այս էջը հաստատված է

դուրս բերել։ Շատ հեշտ է մատի փաթաթան շինել Լեհաստանի հայ գաղթականությունը, ասելով, թե իրանց կրոնը փոխելու պատճառով կորան, ոչնչացան։ Բայց պետք է բոլորովին կույր լինել, և չնկատել մեր պատմության մեջ այն ընդհանուր երևույթը, որ դեպի արևմուտք դիմող բոլոր հայ գաղթականությունները մեծ մասամբ ոչնչացան առանց իրանց կրոնը փոխելու անգամ։ Եվ դրա պատճառը ոչ թե մի օտար ազգի եկեղեցուն հարելն էր, այլ այն ընդհանուր բնական օրենքը, որ հայ գաղթականները, արևմուտքում հանդիպելով իրանցից ավելի բարձր կուլտուրական ազգերի, չկարողացան նրանց հետ մրցություն անել, և կյանքի կռվի մեջ հաղթվեցան, և կլանվեցին իրանցից ավելի զորեղ ազգերից։ Որի ընդհակառակն, դեպի հյուսիս և դեպի արևելք դիմող հայ գաղթականությունները պահպանվեցան, ոչ թե այն պատճառով, որ չփոխեցին իրենց կրոնը, այլ այն պատճառով, որ ապրում էին կուլտուրայով իրանցից ավելի ստոր ազգերի հետ և, գոյության կռվի մեջ կարողանում էին նրանց հետ մրցություն անել։ Ուրեմն, եթե հայերից մնացել են մի քանի փշրանքներ, դրա համար պետք է շնորհակալ լինել ոչ թե լուսավորչական եկեղեցուն, այլ թուրքերին, թաթարներին, պարսիկներին և հնդիկներին։ Եթե հայը լիներ ֆրանսիացու, գերմանացու և անգլիացու հպատակ, արդեն վաղուց կորած կլիներ և լուսավորչական եկեղեցին հազիվ թե կարող լիներ փրկել նրան։

Մենք միշտ ասել ենք և դարձյալ կկրկնենք, որ ազգության գաղափարը պայմանավորվում է ոչ թե կրոնով, այլ նրա ցեղական հատկություններով, որոնց մեջ առաջին տեղը բռնում է լեզուն, որ է և միշտ կլինի ազգի պահպանության հիմքը։ Դա է, որ մշտական է, դա էլ անբաժանելի է մարդկությունից։ Լեզուն թեև փոփոխվում է, բայց իր փոփոխության մեջ ավելի կյանք է ստանում, զարգանում է և կատարելագործվում է։ Մի մարդ կարող է ոչ մի եկեղեցու չպատկանել և մինչև անգամ անկրոն լինել, բայց չէ կարող որևիցե լեզվով չխոսել։ Խոսքը միշտ կմնա, որքան ապրում է մարդկությունը. նա հավիտենական է։

Հայը, թե կաթոլիկ լիներ նա, թե բողոքական, թե լուսավորչական և թե անկրոն — դարձյալ հայ է. որովհետև միևնույն ցեղական հատկություններն ունի, միևնույն լեզվով է խոսում, միևնույն տոհմին է պատկանում։ Մենք եկեղեցու տարբերության մեջ ազգային տարբերություններ չենք ճանաչում։ Մենք չենք կարող