ՀՈԴՎԱԾՆԵՐ
Այս խորագրի տակ զետեղված են Րաֆֆու «Մշակում» ու «Հյուսիսափայլում», ինչպես նաև այլ պարբերականներում տպագրված ուսումնասիրությունները, գրական, հասարակական ու քաղաքական բնույթի հողվածները:
Մեզ հասած առաջին հոդվածը Րաֆֆին գրել է 1858 թվականին: Դա մի նամակ է, ուղղված «Արծիվ Վասպուրական» ամսագրի խմբագիր Խրիմյանին: Այնուհետև 1860-61 թվականներին Րաֆֆին թղթակցում է «Հյուսիսափայլին» 1872 թվականին, երր հրատարակվում է «Մշակը», Րաֆֆին դառնում է այս թերթի մշտական աշխատակիցներից մեկը: Թողնելով «Մշակը» 1885 թվականից սկսած Րաֆֆին աշխատակցում է «Արձագանք» շաբաթաթերթին, այստեղ ևս տպագրելով մի քանի հոդվածներ:
Ինչպես հայտնի է Րաֆֆին հնարավորություն չունեցավ իր բոլոր ստեղծագործությունները, այդ թվում նաև հոդվածները, առանձին գրքով տպագրել: Դա մինչև վերջ էլ մնաց նրա համար իբրև մի ցանկալի երազ:
Սույն ժողովածուն Րաֆֆու հոդվածների հրատարակման առաջին փորձն է, եթե չհաշվենք 1895 թվականին Աննա Րաֆֆու կողմից Թիֆլիսում հրատարակած «Տաճկահայը» խորագրով գրքույկը:
Հոդվածները հատորում դասավորված են ժամանակագրական կարգով: Ձեռքի տակ չունենալով հեղինակի ինքնագրերը, հոդվածները տպագրության պատրաստելիս կազմողները հենվել են հեղինակի կենդանության օրոք պարբերական մամուլում տպագրված տեքստերի վրա, առանձին դեպքերում օգտվելով նաև հետմահու հրատարակություններից:
ԱՐԳՈ ԲԱՐԵԿԱՄ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱԹԱՆՅԱՆՑ (ԷՋ 23)
Ստավրոպոլի արքունիքի գիմնազիայի նկարչության դասատու Հովհաննես Քաթանյանցին ուղղված այս նամակը Րաֆֆին գրել է 1861 թվականի ապրիլի 25-ին, Ուրմիայից:
Նամակը, մի քանի ոտանավորների հետ ուղարկելով իր բարեկամին, Րաֆֆին ցանկանում էր Քաթանյանցի միջոցով այն հասցնել Ստեփանոս Նազարյանին,