Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/517

Այս էջը հաստատված է

մասին: Հեղինակային ձեռագրերի բացակայության հետևանքով մենք հնարավորություն չունենք պարզելու, թե Րաֆֆի՞ն է այդպես գրել ինչ-որ նպատակով, թե հրատարակիչ Աննա Րաֆֆին է ստեղծել այս թյուրիմացությունը։

Թե երբ է գրված «Պարսկաստանի հայոց վիճակագրական դրությունը» հոդվածը, մեզ չհաջողվեց պարզել, այն տպագրվել է 1875 թվականի սեպտեմբերի 25-ին (տե՛ս «Մշակ», 1875 թ., N 38, էջ 1):

Հրապարակված է Մել. ստորագրությամբ։

Արտատպված է Րաֆֆու «Պարսկական պատկերներ» ժողովածուից, Վիեննա, 1913 թ., էջ 528:

ՎԱՃԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՍԿԱՍՏԱՆՈՒՄ (ԷՋ 144)

Հոդվածը Րաֆֆու կենդանության ժամանակ չի հրապարակվել: Ավթանդիլյանի հուշերից հայտնի է, որ Րաֆֆին Պարսկաստանում եղած ժամանակ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պարսից գրականության, ժողովրդի կենցաղի ու ներքին տնտեսական կյանքի հանդեպ: Այս հոդվածը պետք է համարել Րաֆֆու կողմից պարսկական կյանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի արտահայտություն, նրա մանրազնին ուսումնասիրությունների արդյունք: Այդ են վկայում նաև հոդվածում բերված փաստական տվյալները: Պետք է ենթադրել, որ հոդվածը գրված է 1875 թվականի վերջում, կամ 1876 թվականի սկզբում, երբ Րաֆֆին գտնվում էր Թավրիզում:

Հոդվածը առաջին անգամ հրապարակում է Աննա Րաֆֆին 1913 թվականին։

Արտատպված է Րաֆֆու «Պարսկական պատկերներ» ժողովածուից, Վիեննա, 1913 թ., էջ 556:

ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ԷՋ 151)

Այս հոդվածը ևս հեղինակի կենդանության ժամանակ չի հրապարակվել։ Գրության տեղն ու թվականը հայտնի չէ, պետք է ենթադրել, որ այն գրված է 1875-76 թթ.:

Արտատպված է Րաֆֆու «Պարսկական պատկերներ» ժողովածուից, Վիեննա, 1913 թ., էջ 556:

ՊԱՐՍԿԱՍՏԱՆ (ԷՋ 155)

1876 թ. սկզբին Աբգար Հովհաննիսյանը թույլտվություն է ստանում «Փորձ» անունով ամսագիր հրատարակելու և նույն թվականի փետրվարի 25-ին նամակով դիմում է Րաֆֆուն, խնդրելով վերջինիս աշխատակցել «Փորձ»-ին: «Ես ինձ շատ բախտավոր կհամարիմ,— գրում է Աբգար Հովհաննիսյանը,— եթե ամսագրիս առաջին իսկ էջերի վերա կարողանամ Ձեր մի որևիցե գրվածքը տպագրել, իսկ վերջին մասերում` Պարսկաստանից նամակ Ձեր ստորագրությամբ։ Ես ուրեմն անհամբերությամբ նամակիս պատասխանին կը սպասեմ» (տե՛ս «Պարսկական պատկերներ» ժողովածու, Վիեննա, 1913 թ., էջ XIII):

Չանցած մի քանի ամիս Թավրիզից Րաֆֆին խմբագրին է ուղարկում «Պարսկաստան» վերնագրով հոդվածը, որը նույն թվականին տպագրվում է «Փորձի» առաջին համարում: Այս հոդվածը մի տեսություն է նվիրված պարսկահայոց