ժողովրդի սոցիալ-քաղաքական ու կուլտուրական կյանքին, Րաֆֆին այստեղ ամբողջացնում և ամփոփում է այն ամենը, ինչ ուսումնասիրել, տեսել ու լսել էր Պարսկահայաստանում: Հոդվածի սկզբում նա նշում է, որ Պարսկաստանի հասարակական կյանքում հանդես են եկել Իսլամի մոլեռանդության դեմ ուղղված հոսանքներ, որոնց գործունեության մեջ Րաֆֆին տեսնում է ֆեոդալական կարգերի փլուզումը։ Դառնալով բուն խնդրին, նա ամբողջ կրքով դատապարտում է բողոքական միսիոներների և կաթոլիկների գործունեությունը, որոնք մուտք են դործել Արևելք և խարդախ միջոցներով դավանափոխ են անում ժողովրդին։
Անդրադառնալով պարսկահայոց կրթական վիճակին, Րաֆֆին դպրոցական գործի ձախողման պատճառը տեսնում է հոգևոր բնույթի մեջ։ Դպրոցը «Եկեղեցականացրին և դրանով էլ մեռցրին»,—գրում է նա ու պահանջում ժողովրդի փողերով հիմնված դպրոցը անջատել եկեղեցուց և տալ ժողովրդին։
Րաֆֆին հոդվածը գրել է 1876 թվականի հունիսի 1-ին, Թավրիզում: Առաջին անգամ լույս է տեսել «Փորձում», ապա նաև` հեղինակի «Պարսկական պատկերներ» ժողովածուում (Վիեննա, 1913 թ.)։
Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ։
Արտատպված է «Փորձ» հանդեսից, 1876 թ., № 1, էջ 279։
ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ (ԷՋ 184)
«Նամակ Պարսկաստանից» հոդվածը գրված է «Բիբի Շարաբանի» պատմվածքին նախորդող, նյութի կուտակման ժամանակաշրջանում: Հայտնի է, որ «Բիբի Շարաբանին» գրելուց առաջ Րաֆֆին մանրազնին կերպով ուսումնասիրում է Գաբրիների (արևապաշտների) կենցաղն ու սովորությունները: Այդ են վկայում նաև հոդվածում Րաֆֆու ցուցաբերած խոր գիտելիքները Գաբրիների մասին:
Հոդվածը գրված է 1875 թվականի դեկտեմբերին Թավրիզից, տպագրվել է 1876 թվականի հունվարին։
Հրապարակված է Մել. ստորագրությամբ։
Արտատպված է «Մշակից», 1876 թ., N 3, էջ 3:
ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ (ԷՋ 186)
Գրված է 1876 թվականի հունվարի 24-ին Թավրիզից, տպագրվել է նույն թվականի փետրվարի 5-ին։
Հրապարակված է Մել. ստորագրությամբ։
Արտատպված է «Մշակից», 1876 թ., N 4, էջ 3։
ԳԺԱՏՈՒՆ (ԷՋ 188)
Րաֆֆին այս հոդվածը գրել է «Արևելյան մամուլում» տպագրվաձ Ծերենցի մի «Թղթակցության» առիթով (տե՛ս «Արևելյան մամուլ», 1876 թ., հունվար, (N 1), էջ 22):
Ցույց տալով հայերի վիճակը Թուրքիայի բռնակալության տակ, Ծերենցը այն միտքն է հայտնում, որ հարստահարությունից խուսափելու համար պետք է թողնել հայրենի հողը և ապաստան որոնել օտար երկրներում: