Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/522

Այս էջը հաստատված է

քննադատում է պահպանողականներին, արևմտահայ ամիրայությանը ու լիբերալ բուրժուազիային, դավաճանություն համարելով նրանց բռնած դիրքը ժողովրդի ու հայրենիքի հանդեպ։ «Դատարկ հույսերով ենք խաբվում» հոդվածում նա այն միտքն է հայտնում, որ ազատության ձգտող մի ժողովուրդ, որը օտարի լուծը թոթափելու համար դարեր շարունակ սպասել է հարմար առիթի, իրավունք չունի «հանցավոր լռություն պահպանելու»: Րաֆֆին հիմար իմաստակ է համարում նրանց, ովքեր «լռության մեջ են տեսնում» ժողովրդի շահը և Հայաստանի ազատության հարցը կապում են Թուրքիայի քաղաքակրթվելու հետ։ Րաֆֆին զգուշացնում է ժողովրդին չխաբվել Եվրոպայի ներշնչած և Թուրքիայի խոստացած դատարկ հույսերով և դիմել վճռական քայլի։

Այս հոդվածը տպագրվելով «Մշակում» արժանանում է լայն շրջանների ուշադրությանը:

«Մշակի» քարտուղար Հ. Տեր-Գրիգորյանի վկայությունից իմանում ենք, որ «Դատարկ հույսերով ենք խաբվում» հոդվածը տպագրվելու ժամանակ կրճատումների է ենթարկվել «Միտք թողողի (գրաքննիչի) կողմից»։

Ինչպես պարզվում է, «Տաճկահայը» ժողովածուում (Վիեննա, 1913 թ.) Աննա Րաֆֆու հրապարակած «Ազդից», Րաֆֆին հետագայում վերամշակում ու ընդարձակում է այս «դրվածքը` նպատակ ունենալով հասցնել իր պատմական տեսությանը մինչև մեր օրերը»։ «Ազդում» այն միտքն է հայտնված, որ «Դատարկ հույսերով ենք խաբվում» հոդվածը առաջաբան է հանդիսացել մի ավելի ստվարածավալ աշխատության, որը կրում է «Հայաստանը երկու կրակի մեջ» վերնագիրը։ Ըստ Աննա Րաֆֆու հավաստիացման այս աշխատությունը («Հայաստանը երկու կրակի մեջ») պետք է տպագրված լիներ «Տաճկահայը» ժողովածուի Վիեննայի հրատարակության մեջ, սակայն մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով ժողովածուում բացակայում է այդ հոդվածը։

«Դատարկ հույսերով ենք խաբվում» հոդվածը գրված է 1878 թվականի սկզբին Ագուլիսում, տպագրվում է նույն թվականի փետրվարի 14-ին։

Հրապարակված է Մելիքզադե ստորադրությամբ։

Արտատպված է «Մշակից», 1878 թ., № 22, էջ 1։

ԻՆՔՆԱԽԱԲԵՈԻԹՅՈԻՆ (ԷՋ 273)

«Ինքնախաբեություն» հոդվածը մի պատասխան է ուղղված «Մեղու Հայաստանի» լրագրի և մեղվականների դեմ:

Մեղվականները անվերապահորեն մեծարում էին այն ամենը, ինչ որ հայկական է։ Այս երևույթը համարելով ինքնախաբեություն, Րաֆֆին ամենախիստ կերպով քննադատում է այդ կեղծ ազգասերներին, որոնք ուրիշ պարագաներում Հայկի ոսկորները կարող են վաճառել մի քանի գրոշով։

Ինքնախաբեությանը հակադրելով ինքնաճանաչողությունը, Րաֆֆին պաշտպանում է «Մշակի» դիրքը, որը քննադատելով ու խարազանելով արատները, վեր է հանում հասարակական կյանքի հիվանդոտ կողմերը, ցույց է տալիս ընտանեկան կյանքի, հոգևորականության, լրագրության և այլ կազմակերպությունների այլանդակությունները, դրանով իսկ նպաստելով այդ կյանքի առաջխաղացմանը ու զարգացմանը։

Ի դեպ, «ազգասիրության» և ճշմարիտ հայրենասիրության հարցը շատ է զբաղեցրել Րաֆֆուն և նա այս թեմայով ցանկացել է գրել նաև գեղարվեստական