ստեղծագործություն, որից մեզ է հասել միայն «Ազգասեր» վերնագրով պատառիկը (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հատոր VIII, էջ 661)։
«Ինքնախաբեությունը» գրված է 1878 թվականի սկզբներին Ագուլիսում, տպագրվել է նույն թվականի փետրվարի 28-ին։
Հոդվածը հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ:
Արտատպված է «Մշակից», 1878 թ., № 29, էջ 1:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԱՐԺԱՊԵՏՆԵՐ (ԷՋ 282)
Հայտնի է, որ 1877 թվականի սեպտեմբերին Րաֆֆին ուղևորվում է Վերին Ագուլիս` վարելու տեղի երկսեր դպրոցի հայոց լեզվի և պատմության ուսուցչի պաշտոնը։
Աշխատելով Ագուլիսում և ծանոթանալով գործերի ընթացքին, նա տեսնում է, որ տգետ վարժապետների պատճառով դպրոցը հասել է կործանման եզրին: Գործադրելով մեծագույն ջանքեր, Րաֆֆին կարգի է բերում դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքները։ Մեծ անախորժություններից հետո նրան հաջողվում է կիսագրագետ տիրացուների փոխարեն կրթված մանկավարժներ հրավիրել Թիֆլիսից և այլն։ Հավանաբար հենց այս դեպքերի անմիջական ազդեցության տակ էլ նա գրում է «Ժողովրդական վարժապետներ» վերնագրով հոդվածը։
Գավառական դպրոցում մանկավարժներ ընդունելու այս եղանակը, որի մասին հոդվածում մանրամասն կերպով խոսում է Րաֆֆին, իրական դեպքեր են, որոնց ականատես է լինում նա իր մանկավարժական գործունեության ընթացքում։
«Ժողովրդական վարժապետներ» հոդվածը գրված է 1878 թվականի սկզբին, Ագուլիսում, տպագրվել է նույն թվականի մարտի 1-ին։
Հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ։
Արտատպված է «Մշակից» 1878 թ., № 30, 31։
ԴԵՌԵՎՍ ՈԻՇ ՉԷ (ԷՋ 295)
Ռուս-թուրքական պատերազմից հետո` Uան-Ստեֆանոյի դաշնագրի կնքումից շատ չանցած, իսկույն պարզ է դառնում, որ հայ ժողովուրդը ոչ մի սպասելիք չի կարող ունենալ 16-րդ հոդվածից։ Րաֆֆին գիտակցում էր, որ բալկանյան ժողովուրդների բախտին արժանանալու համար պետք է հետևել նրանց օրինակին: Այս նույն նպատակն էր հետապնդում նա, երբ «Մշակի» 41-րդ համարում հրապարակ հանեց «Դեռևս ուշ չէ» հոդվածը։
Րաֆֆու համար պարզ էր, որ «Հայերի վիճակը ոչինչ փոփոխություն չէ կրելու»։ Անհաջողության հիմնական մեղքը արևմտյան պետությունների ագրեսիվ ձգտումների և ցարական Ռուսաստանի շահերի միջև գոյություն ունեցող հակամարտությունից բացի, նա տեսնում էր նաև «Հայերի անշարժության մեջ»։ «Ոչ ոք պարտական չէ հայերի համար մտածել, գրում է նա,- քանի որ իրենք հայերը անշարժ մնացին և իրենց համար չմտածեցին»։ Րաֆֆին վերևից եկող ազատության հանդեպ առաջնությունը տալով ցածից դեպի վեր բարձրացող ազատությանը, կոչ է անում մշակ դասին, որպեսզի վերջիններս զենքի դիմեն, բռնելով պատրիարքի ու ազգային ժողովի կոկորդից, ստիպեն նրանց ճիշտ հասկանալու