Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/528

Այս էջը հաստատված է

Մելիքզադեի դեմ մի նոր բողոքով 1880 թվականին հանդես են գալիս Մոսկվայի 20 հայ սովորողներ (տե՛ս «Մշակ», 1880 թ., №4)։

Վերջիններիս «Մշակի» հենց նույն համարում մի ֆելիետոնով պատասխանում է Արծրունին, Ասիացի ստորագրությամբ։

1890 թվականին «Հայ երիտասարդությունը» «Հայ կինը» աշխատության հետ միասին հրատարակվում է նաև առանձին գրքով։

«Մշակում» «Հայ երիտասարդությունը» հրապարակված է Մելիքզադե ստորագրությամբ:

Արտատպված է «Հայ կինը և Հայ երիտասարդությունը» գրքից, Թըֆլիս 1890 թ.:


Ի՞ՆՉ ԿԱՊ ԿԱ ՄԵՐ ԵՎ ՏԱՃԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԵՋ (ԷՋ 470)

Ռուս-թուրքական պատերազմից մի քանի ամիս անց, երբ լիովին պարզվեց վեհաժողովների խեղկատակությունը, հայ մտավորականությունը սկսեց ավելի մեծ նշանակություն տալ սեփական ուժերի համախմբման գաղափարին։ Այդ շրջանում ավելի քան անհրաժեշտ դարձավ Արևելահայ ու Արևմտահայ հատվածների տնտեսական ու կուլտուրական կապերի միավորման հարցը։

Այդ օրերին Րաֆֆին գրում է իր «Ի՞նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ» հոդվածը։ Այստեղ շոշափված հարցերը ծրագրային նշանակություն են ունենում գրողի հետագա գործունեության համար և գրեթե նույն մեկնաբանությամբ դրվում է նրա գեղարվեստական ստեղծագործությունների հիմքում։ Քննելով Արևելահայ ու Արևմտահայ հատվածների միավորման հարցը, Րաֆֆին գտնում է, որ գոյություն ունեցող անջատվածությունր լրջորեն վնասում է ժողովրդի միասնությանը։ Նա պահանջում է մեկ ընդմիշտ վերջ տալ դավանաբանական վեճերին։

Երկու հատվածներից միավորման հարցում լեզուն համարելով հիմնական գործոն, նա կոչ է անում գրականության, մամուլի և դպրոցների միջոցով նախապատրաստել ու համախմբել ժողովրդին:

Ծաղրելով 61-րդ հոդվածի մեջ «ոսկու հանք» որոնողներին, Րաֆֆին գտնում է, որ «Տաճկաստանի հայոց խնդիրը պետք է կայանա այսուհետև անդադար և անընդհատ նախապատրաստության գործի մեջ (ընդգծումը հեղինակինն է), որպեսզի նրանք կազմ և պատրաստ հանդիպեն այն մեծ օրվան, երբ կրկին անգամ կզարկե ազատության ժամը։ Իսկ այդ օրը կկրկնվի և շատ անգամ կկրկնվի...,- վստահությամբ ասում է նա,- գուցե շատ հեռու չէ մեզանից...»։

Այս հոդվածի հետ ներփակ «Մշակի» խմբագրին ուղարկված նամակից (տե՛ս «Արձագանք», 1895 թ., № 99, էջ 3) մենք իմանում ենք, որ «Ի՞նչ կապ կա մեր և Տաճկաստանի հայերի մեջ» հոդվածը գրված է 1878 թվականի դեկտեմբերին, Ագուլիսում։ Վերոհիշյալ նամակի վերջում Րաֆֆին «Մշակի» այն ժամանակվա քարտուղար Տեր-Գրիգորյանին խնդրում է իր` խմբագրին ուղղված նամակը տպագրել հոդվածի հետ միասին միևնույն համարում, «որովհետև,- գրում է նա,- նամակը հիշյալ հոդվածի հետ կապ ունի»։

Արծրունին չհամաձայնելով Րաֆֆու առաջարկներին, նամակի տպագրությունը մատնում է անուշադրության։ Ինչ վերաբերում է հոդվածին, ապա այն հրատարակվում է 1879 թվականի հուլիսի 26-ին։