Այդ վեճերը քննելու համար կազմված երեսփոխանական ժողովը բոլորովին իրավացի է համարում Խրիմյանի հրաժարմանը առիթ եղող պատճառները, և նորա բացատրությունքը հարգելով, նորից հրավիրում է պատրիարքական աթոռը ընդունելու։ Սրբազան հայրիկը ընդունում է այդ առաջարկությունը։
Վերջացնում ենք մեր խոսքը նորանով, որ Կ. Պոլսի սահմանադրությունը երբեք հասնել չէ կարող յուր նպատակին, քանի որ նա Կ. Պոլսի մեջ է միայն կենտրոնանում, քանի որ չեն աշխատելու նորան հանրային դրության վերածել և բոլոր տաճկաբնակ հայերի համար նրա գործադրությունը կարևոր կացուցանել։
ՓՈՍՏԱՅԻ ՀԱՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈԻՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ՄԵՋ
Ամեն մի սահմանակից պետությունների մեջ փոստայի հարակցությունը է այն դյուրացուցիչ միջոցներեն մինը, որ հեշտացնում է առևտրական հարաբերությունները և մեծ զարկ է տալիս վաճառականության:
Կես դար հազիվ է անցել, որ Պարսկաստանը բացեց յուր շրջափակ չինեական պարսպները արտասահմանցիների դեմ և եվրոպացիք սկսան այնտեղ համարձակ և ապահով մուտք ունենալ։ Այդ հարաբերությունը շատ փոքր ժամանակում այնպես արագ կերպով ընդարձակվեցավ, մինչ եվրոպական մեծամեծ պետությունները ունեցան Պարսկաստանի ամեն մի նշանավոր առևտրական քաղաքներում յուրյանց կոնսուլները և Թեհրանում` յուրյանց դեսպանները։ Թաբրիզի, Ռեշտի և Թեհրանի մեջ հիմնվեցան մեծամեծ առևտրական տներ, և Եվրոպան սկսավ դուրս քարշել Պարսկաստանի հում բերքերը, և փոխադարձաբար յուր գործարանների արվեստագործությունը պարսից շռայլ գործածությանը նյութ դարձնել։
Չնայելով վաճառականության այդպիսի հսկայական քայլերին, նա յուր ընթացքի մեջ մեծ դժվարություններ է կրում և շատ արգելքների է հանդիպում դրամի փոխադրության և նամակների երթևեկության մեջ։
Ահա պատճառները.—
Պարսից կառավարությունը ինքը փոստայի օրինավոր հիմնակություն չունի և հետևապես զուրկ է արտասահմանի հետ