Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/69

Այս էջը հաստատված է

ԱՌԱՋԱԲԱՆԻ ՏԵՂ

Ընծայելով պատվելի հասարակությանր «Փունջի» երկրորդ հատորը, մենք մասամբ հասած ենք համարում մեր նպատակին, տեսնեով, որ նորա առաջին հատորը սառն ընդունելություն չգտավ ընթերցողներից։ Այլ ընդհակառակն, նա հարուց աղմուկ, գրգռեց հարցասիրություն, իսկ շատերի մեջ կրքեր և զզվանք...։ Այդ բավական է մեզ, նշանակում է, որ նա ազդեց, նշանակում է, որ մեր ժողովրդի մեջ դեռ հանդած չեն կենդանի զգացմունքները...

Անտարբեր չմնաց և մեր լրագրությունը։ «Մշակը» և «Մեղուն» յուրյանց կողմից ընծայեցին «Փունջին» մի քանի վայրիվերո խոսքեր։ Ավելին սպասել չէր կարելի, երբ պակաս էր առողջ կրիտիկան կամ անաչառ քննադատությունը:

Գալով երկրորդ հատորի հրատարակությանը, այսքանը միայն կասենք, որ այս գրքի մեջ պարունակված վեպիկները մենք գրել ենք Թիֆլիսում 1872—1873 թվականներում։ Թե որքան է հաջողվել երկու տարվա ընթացքում ըմբռնել մեզ անծանոթ մի երկրի հասարակական կյանքի մի քանի երևույթները, այդ թողնում ենք ընթերցողների դատողությանը։ Բայց «Հարեմը», «Սառան» և «Ղույլուբանին» մեր Պարսկաստանում եղած ժամանակվա գրվածներիցն է, երբ արդեն վերադարձած էինք մեր հայրենիքը:

Մենք հարմար համարեցինք այդպիսի փոքրիկ վեպիկներով նախ զարգացնել կարդացողների ճաշակը և նոցա սերը դեպի մայրենի լեզվի ընթերցանությունը, մինչև նոքա պատրաստված կլինեին հետաքրքրվել ավելի ընդարձակ վիպասանական գրվածքներով, որոնց, եթե կհաջողվի մեզ, կմատուցանենք հետագա հատորներով։

Թող կույր վայրախոսներն ինչ որ ուզում են ասեն, մեր վստահությունը կմնա միևնույնը, ինչ որ էր առաջ։ Դափնիք վայելելու ցանկությունից հեռու ենք մենք, բայց ուրախ ենք, որ հասարակական կրթության գանձանակի մեջ կարողանում ենք ձգել մի չնչին լամա — մեր ունեցածն այդ է։