Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/70

Այս էջը հաստատված է

«ԱՄԲԱԱՏԱՆՈԻԹՑՈԻՆ ՎԱՆԱ ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՎԵՐԱ»

Խմբագրությունը ստացավ անհայտ հեղինակից վերոհիշյալ վերնագրով մի տետրակ, տպված Կ. Պոլսում 1874 ամի 15 հունվարի, որ բաղկանում է 77 երեսից։ Այդ տետրակը հետաքրքրական է նորանով, որ, մի կողմից` տալիս է բավականին ճիշտ տեղեկություններ Վասպուրականի ազգաբնակությանց և նոցա դրության մասին, մյուս կողմից` ցույց է տալիս Կ. Պոլսի Ազգ. Սահմանադրության անխնամ և թույլ ազդեցությունը տեղային հայերի վիճակը բարվոքելու համար, այլև` հայոց հոգևոր առաջնորդի հարաբերությունները թե՛ յուր ժողովրդի և թե՛ օտարազգիների հետ։

Վասպուրականի նահանգը յուր Վան քաղաքով ունի 180 հազարի չափ հայ բնակիչ, 40-ից ավելի վանքեր, հարյուրավոր եկեղեցիներ և բազմաթիվ թե՛ կուսակրոն և թե՛ աշխարհային հոգևորականներ։ Այդ բոլորի վերա իշխում է վիճակային հոգ. առաջնորդը։ Քրդերն, ասորիներն ու եզըդիք բնակիչների շատ փոքր և աննշան մասն են կազմում, վարում են թափառաշրջիկ կյանք և պարապվում են մեծ մասամբ անասնապահությամբ: Երկրի արհեստը, վաճառականությունն և երկրագործությունը կենտրոնացած է հայերի ձեռքում։

Վաղեմի սովորությամբ հայոց առաջնորդն, ոչ միայն ընդարձակ իրավունքներով իշխում է յուր վիճակի հոգևոր կառավարության վերա, այլև քաղաքական կառավարության կողմից նա համարվում է որպես ներկայացուցիչ ազգի և միջամտություն է անում նորա ամեն մի դատաստանական գործերում։ Այդ իրավունքն առաջնորդի տարածվում է` բացի հայերից` և մյուս մանր ազգերի վերա, որպես են` ասորիները, քրդերն, եզըդիներն և այլն։ Առաջնորդն է նշանակում վանքերի վանահայրերը, եկեղեցիների ծխական քահանաները, նա հոգում է նոցա եկամուտների վերա։ Առաջնորդն է նշանակում գյուղերի ռեիսները (տանուտերերը) և ամեն մի թե՛ քրեական և թե՛ քաղաքական գործերի համար, նախ դիմում են հայոց առաջնորդարանը, իսկ եթե այնտեղ դատը չէ վճռում, ապա փաշային։ Իսկ փաշային մեջլիսում ազգի կողմից նախագահում է դարձյալ առաջնորդը։

Մի այդպիսի պաշտոնը վարում էր երկար տարիներով Պողոս վարդապետը։ Այդ վարդապետի վարմունքը միանգամայն ներկայացնում է