Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/77

Այս էջը հաստատված է

սյուները խնկենի ծառերից էին, առաստաղը` ծալ-ծալ ոսկուց, աղավնիք հարսների նման սպասավորում էին այնտեղ և մանիշակի փունջերով ավելում էին, մաքրում էին տունը և այլն։

Դորանից երևում է, թե որպիսի առասպելաբանական կերպարանք է ստանում կրոնքը, երբ նորա ծագումը կապված էր մի ազգի բանաստեղծության հետ։

«Սուրբ Կարապետն Գլակա վանից» այդ երգը, որ նվիրված է Մշու սուրբ Կարապետի վանքին, ցույց է տալիս այն խորին, մինչև մոլեռանդության հասած հավատքը ժողովրդի, որ ունի նա դեպի յուր պաշտած սրբարանը: Նա ամեն ինչ սպասում է նորանից. յուր կյանքի բոլոր պետքերի մատակարարը նորան է համարում: Նա տալիս է այդ վանքին «Մշու սուլթան»— Մուրադատուր» տիտղոսները, այն ջերմ հուսով, որ ամեն մուրադների, այսինքն` նպատակների և փափագների կատարողը նա է։ Ահա մի այդպիսի հավատքն է, որ ձգում է հեռու աշխարհներից բազմաթիվ հայ ուխտավորների քարավանները դեպի այդ վանքը...։ Բանաստեղծը չէ ընդունում Հովհաննեսին որպես Քրիստոսի մկրտիչ, նորա երեսուն տարեկան հասակում, այլ որպես կնքավոր նորա երեխայության ժամանակ։ Այդպես էլ հավատում է ժողովուրդը։ Իսկ ինչ որ վերաբերում է այն խոսքերին,— թե որպես սուրբ Կարապետ հաղթեց չար ոգիներին, որք չէին հեռանում նորա սրբարանից, և բանտարկեց նորանց մթին զնդանում,— այդ ավանդությունն այնքան հին է, որ գուցե հասնում է մինչև Լուսավորչի օրերը, երբ այդ վանքը հեթանոսական մեհյանից քրիստոնեական տաճարի վերափոխվեցավ, երբ Տրդատ Ամանոր չաստուծո տոնի փոխարեն հրամայեց կատարել սուրբ Կարապետի տոնախմբությունը։ Սուրը Կարապետի մարմինը Կայսարիից (Կեսարիայից) Տարոն բերվիլը, որպես ասվում է երգի մեջ, հիշում չեն մեր պատմագիրները։ Թեև խորին կապ ունեն ժողովրդական ավանդությունները նորա պատմական անցյալի հետ։

«Քարոզ խաչ»։ Այդ երգի մեջ նկարադրվում է մի ամբողջ առասպել, թե որպես խոտաղները (խոտարած մանկտին) դաշտում պոխի կոչված բույսից շինում են մի խաչ, զարդարում են նորան։ Թե որպես նոցա աղոթքով երկնքից իջնում է նույն խաչի մեջ «սուրբ մասունք»։ Գյուղացիք փառավոր հանդիսով այդ սրբությունը տանում են գյուղը։ Նա ցերեկով հովանի էր լինում նոցա գյուղի վերա ե պատսպարում էր արևի տոթից, իսկ գիշերող արեգակի նման լույս էր սփռում։ Թե որպես չար գզիրի մատնությանբ