Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/79

Այս էջը հաստատված է

Լիրիկական մնացյալ երգերի մեծ մասը, որպիսին են՝ «Մայրամ», «Լալուխան», «Խումար», «Չաշմիկ», « Խանգյուլ»— եթե կարելի է այդպես կոչել, դոքա ժողովրդական երգիծաբանություններ են, դեպի նույն անձինքը, որոց անունները հիշվում են այդ երգերի մեջ։ Ամեն մի տարապայման երևույթ ժողովրդի մեջ, որ հարմար չէր նորա սովորությունների և կյանքի կանոններին, միշտ սաստիկ ազդեցություն ունի նորա սրտի և հոգու վերա։ Մի պարզ, նահապետական մաքրությամբ ապրող ամբոխի մեջ մի կնոջ փոքր ի շատե տարապայման վարմունքը, ոչ միայն հարուցանում է ընդհանուրի զզվանքը, այլև յուր վերա է դարձնում նորա երգիների պարսավը։ Այդ է պատճառը, որ ժողովրդական երգերի մեջ, երբ նոքա վերաբերում էին որևիցե անձնականության, ըստ մեծի մասին չեն հիշվում հնարված անուններ, այլ իսկական անուններ, որք առնված էին կյանքից։ Այդպես է և պ. Միանսարյանցի «Քնարի» մեջ տպված «Ջուլոն»։

Լիրիկական երգերի մեջ հետաքրքրական է մի հարսանյաց երգ (տե՛ս եր. 16-ը), որը նվիրված է փեսայի մորը։ Հեռանալով հայրենական օջախից, դեռահաս օրիորդը պիտի մտնե մի նոր շրջան, մի նոր ընտանեկան լծորդության մեջ։ Նորան կանգնեցնում են այն տան շեմքի վերա, որո մեջ ընտրված էր նա լինել գերդաստանի անդամ։ Այդ երգով հրավեր են կարդում փեսայի մորը, որ նա դուրս գա տնից և ընդունե յուր նորընծա հարսնացուն։ Երգի մեջ կարդացվում է այդ խղճալի զոհի ճակատագիրը, նորա պաշտոնը, որ պետք է լիներ ամուսնի տան մեջ։ Ահա երգի միտքը՝ «Դուրս արի, դե դուրս արի, թագավորի (փեսայի) մայր, դուրս արի, քեզ համար աղբյուրից ջուր բերող ենք բերել, քեզ համար դաշտը հաց տանող ենք բերել, քեզ համար ձավար ծեծող ենք բերել, քեզ համար հաց թխող ենք բերել, քեզ համար կերակուր եփող, տունը ավլող, աղախին ենք բերել» և այլն։

Դեռահաս աղջիկն առաջին օրից դառնում է մի կրավորական էակ պառավ կեսուրի անսահման իշխանության ներքո, նորա մեջ ճնշվում, խեղդվում են մարդկային ազատ զգացմունքները։ Այդ երգը մասնավորապես երևան է հանում հայոց ընտանեկան կյանքի այն պատրիարքական միապետությունը, ուր գերդաստանի պետը իշխում է բոլոր մանուկ ուժերի վերա։

Մի այլ տեղ, որպես է եր. 22. ԺԲ երգի մեջ, մշեցին արտահայտում է յուր սիրո զգացմունքները։ Նա երևակայում է յուր սիրուհին կանգնած աղբյուրի մոտ, որո դեմքը շողշողում էր