պատրիարք Կիլիկիայի և Կ. Պոլսի աթոռներին, միացնելով այդ երկու որոշ թեմերը յուր իշխանության ներքո:
Հասունյանն յուր վաղուց փափագած բաղձանքին յուրյան հասած էր համարում։ Բայց Պիոս իններորդը էժան գնով չծախեց Հասունին յուր շնորհած իշխանությունը։ Նա պետք է զոհեր հայ-կաթոլիկների դարերով պահպանված իրավունքները պապի կամայականությանը։ Եվ այդպես եղավ։ Պապի և Հասունյանի հետ հաստատած նոր կանոնադրության համաձայն հայ֊կաթոլիկների բոլոր Ժողովրդական առանձնաշնորհությունները ոչնչանում էին, և նոքա դառնում էին մի լոկ կրավորական մարմին, ենթարկված Հռոմի և նորա ներկայացուցիչների իշխանության ներքո:
Բայց բռնակալությունն այն ժամանակ միայն ավելի զգալի է լինում, երբ ուղղակի կերպով դիպչում է ժողովրդի իրավունքներին։ Հակահասունյանների ապստամբությունը մի համարձակ, միևնույն ժամանակ հակակրական բողոք էր ընդդեմ Հռոմի քահանայապետի մի այդպիսի վարմունքին։ Նոքա ճանաչեցին այն վաղեմի սխալը, թե արևմուտքից նորանց օգուտ չկա, թե նորանց պետք է գրավել տիրող պետության հովանավորությունը, հիմնվել յուրյանց սեպհական ուժերի վերա և պահպանել յուրյանց ազատությունը և ազգային իրավունքները։ Բայց բոլորովին այլապես էր մտածում հակառակ կուսակցությունը — հասունյանները: Նոքա բռնեցին պապի և նորա ներկայացուցիչ Հասունի կողմը։ Ահա մի հետադեմ կուսակցություն, որ կույր մոլեռանդությամբ զոհում է անսխալական կիսաստվածին յուր ազատությունը, եկեղեցվո ժողովրդականությունը, որ աշխատում է ոչնչացնել յուր ազգային սրբությունները և ստրկանալ...:
Բայց որքան զզվելի է ստրկության գաղափարը, այնքան ժամանակ պատմագրության մեջ դատապարտելի կմնա Հասունի և նորա կուսակիցների ազգանենգ վարմունքը...
Մեզանում գրականությամբ պարապվողներն ըստ մեծի մասին աղքատ մարդիք են։ Եթե նրանցից մեկը հեղինակել, կամ թարգմանել էր որևիցե գիրք, տարիներով նորա աշխատությունը լույս չէ տեսնում, մնում է առանց տպագրվելու։