Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/85

Այս էջը հաստատված է

Ի՞նչ անե հեղինակը։ Նորա աշխույժը սառչում է, նա հուսահատվում է և դադարում է աշխատելուց. տեսնելով, որ յուր պարապմունքը ոչ միայն հաց չէ տալիս նորան, այլև նա զրկվում է յուր գործունեության բարոյական բավականությունից։

Մի միջոց, որ շատ անգամ գործ է դրվում մեզանում գրքեր տպագրելու, այն է, որ հեղինակը կամ նորա բարեկամներից մեկը ստիպված են լինում բաժանորդագրության թերթը դռնե-դուռն ման ածել, դորան նորան խնդրել, որ մի քանի օրինակ ստորագրեն, արծաթը կանխիկ վճարելով։ Եվ եթե հաջողվում է մի այդպիսի ձանձրալի ձեռնարկությունը, այնևս ոչ թե հեղինակի տաղանդը հարգելու և նորան խրախույս տալու համար է լինում, ոչ, այլ որպես ռամկորեն ասում են՝ «խաթրի համար»։

Թե հիշյալ միջոցներով գիրք տպագրելը որքան վիրավորում է հեղինակի անձնասիրությունը, այդ ինքնըստինքյան հասկանալի է. բայց ի՞նչ հնարներ պետք է դործ դրած նրանց այդ դժբախտություններից ազատելու համար։

**
*

Առհասարակ գրքերի պահանջը մեզանում այնքան զգալի է, որ այդ մասին երկար խոսելը բոլորովին ավելորդ է։

Մանկավարժական ժամանակակից խնդիրն արդեն զարթել է մեր մեջ, և մենք խիստ հաճախ լսում ենք՝ նոր մեթոդ, նոր եղանակ պետք է մտցնել դպրոցների մեջ. հին, փտած դրությունը պետք է ոչնչացնել և նոր համակարգությամբ կազմակերպել ուսումնարանների ձևը և այլն։

Բայց այդ վերանորոգություններին հարկավորած դասագրքերն ունե՞նք արդյոք:— Այդ մասին ո՛չ ոք չէ մտածում։

Գիտությունների և արհեստների դասավորությունը հայերենի լեզվով պետք է լինի, կրկնում են նույն ձայները, և երեխան երեխայությունից պետք է սովորի մտածել և խոսել ազգային լեզվով։

Իսկ այդ առարկաներին հարկավոր ձեռնարկներ ունե՞նք։ — Դարձյալ ո՛չ ոք չէ մտածում։

Հարաժամ լսում ենք՝ ժողովրդի մեջ պետք է ընթերցանություն տարածել, դարուս լուսավոր գաղափարները պետք է նորա մեջ տարրացնել, արհեստների և գիտությունների հետ պետք է ծանոթացնել և հեռացնել պետք է նրանից վաղեմի նախապաշարմունքները, սովորեցնելով նորան ազատ և առողջ դատողություն։