Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/92

Այս էջը հաստատված է

ռուբլի ուղարկված է եղել, «կծողների» ատամները սրելու և նրանց բերնում լեզու դնելու համար: Որքան ուղիղ է այդ լուրը, մենք չգիտենք, միայն այսքանը կարող ենք ասել, որ մեր բարձր եկեղեցականների մեջ հիշյալ միջոցը նոր բան չէ. մի ժամանակ նրանք կաշառում էին պարսից շահերին, տաճկաց սուլթաններին և միմյանցից աթոռներ էին խլում, այժմ կաշառում էին գրական մամուլը...

Կրոնական ժողովի նախազգուշությունը, որ դարձած էր Կ. Պոլսի լրագրությանը, որ նրանք եկեղեցականներին վերաբերյալ տեղեկությանց մեջ համեստություն պահպանեն, նրանց անձնականությանը չդիպչեն և այլն—այդ հռոմեական կուժը խեղճ «Ասիայի» գլխին կոտրվեցավ. լրագիրը դադարեցավ յուր գործունեությունից։ Կրոնական ժողովը փոխանակ լրագրության ձայնը լռեցնելու, ավելի լավ կաներ հոգևորականներին ուղղել: Կեղտոտ գործը կմնա միշտ կեղտոտ, թեկուզ, գործողը աշխարհական լիներ, թեկուզ հոգևորական...

Սահմանադրության զանազան հոդվածները, որոնց ժողովրդի այժմյան պահանջներին անհամապատասխան լինելու մասին բողոքում էր Խրիմյանը,— այդ գլխավոր հարցը նույնպես ուշադրության առնված չէ։ Իսկ ի՞նչ բաներով զբաղված է Կ. Պոլսի Ազգ. վարչությունը, ավելի ոչինչ չենք կարող հաղորդել, որովհետև մի շոշափելի բան չենք գտնում:

«ԳՐՈՑ ՈԻ ԲՐՈՑ ԿԱՄ ՍԱՍՈԻՆՑԻ ԴԱՎԻԹ»


Գրքույկի առիթով, տպված Կ. Պոլսում, 1874 ամի Գ. վ.Սրվանձտյանցի աշխատասիրությամբ


Կարդալով Խորենացու խոսքերը, որով նա մեղադրում է յուր նախորդների անհոգությունը, թե նրանք չթողեցին որևիցե հիշատակարան հայերի պատմական անցյալից, ընթերցողը բոլորովին իրավացի է գտնում ծերունի պատմագրի գանգատը։ Բայց նույնիսկ Խորենացին չկարողացավ իրան ազատ պահել մի այդպիսի անհոգությունից, որի դեմ բողոքում է տասնիններորդ դարու սերունդը: