Խորենացին մեզ ավանդեց մեր նախնյաց պատմությունը, իսկ այդ ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ լոկ ազգահամար իշխող տների։ Խոսվում է նրանց գործունեության մասին, երբ պատերազմ կա, երբ հաղթում են, կամ հաղթվում են։ Իսկ թագավորի ներքին գործերի, նրա օրենսդրության և կառավարչական ձևերի մասին գտնում ենք խիստ աննշան տեղեկություններ։ Պետությունը կազմող մարմինը—ամբոխը—չէ մտնում նրա պատմության մեջ. ժողովրդի ընտանեկան և քաղաքական կյանքից մենք ոչինչ չենք գտնում։
Նույն մեթոդին հետևեցին մեր և մյուս պատմագիրները։
Թողյալ այդ, Խորենացին,— ակնարկելով յուր ժամանակի «գողթան, թվելյաց, ցցոց, վիպասանաց» երգերի մասին, հիշելով հին զրույցները և ավանդությունները,— տալիս է մեզ մի քանի կտորիկներ միայն այն թանկագին ժառանգությունից, որոնց ամբողջությունը կարող էր լույս գցել մեր ազգի խորին առասպելավիպական անցյալի վերա։
Արդյոք, մենք ևս նույն մեղադրանքներին չե՜նք ենթարկվելու, ինչով դատապարտում ենք մեր նախնիքներին, եթե զրկենք ապագա սերունդը գրականության այդ մասնից։
Մի այնպիսի անշարժ ազգ, որպես եղել է և է հայը, նրա կյանքի ձևերը շուտով չեն փոխվում։ Մինչև այսօր պահպանել է նա յուր հին սովորությունները, մինչև այսօր նրա կյանքը լի է նախապաշարմունքներով։
«Գողթան երգիչների» բամբիռը դեռ ոչ բոլորովին լռել է Հայաստանում. աշուղները և այսօր հիշեցնում են հին վիպասաններին։ Այդ կույր Հոմերոսները[1] ժողովրդական բանաստեղծներ են։ Աշուղը, ժողովրդի սիրելին, յուր սազն առած, թափառում է գյուղից գյուղ, քաղաքից քաղաք, երգում է ու հեքիաթներ է ասում։ Աշուղը գրագետ մարդ չէ, բայց նա բերանացի գիտե ամբողջ վեպեր. նա հանպատրաստից հորինում է ամբողջ երգեր, նրա հոգու բխմունքը արտահայտություն է ժողովրդական ոգևորության։
- ↑ Աշուղ պարսից էշխ բառիցն է, որ նշանակում է բանաստեղծական ոգևորություն: Աշուղներ կոչվում են և ժողովրդական երգիչները կամ սիրահարները: Հայոց աշուղները մեծ մասամբ լինում են կույր մարդիք, երևի նորա համար, որ կյանքի մեջ ուրիշ պարապմունք չգտնելով, իրանց նվիրում են բանաստեղծության: