Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/94

Այս էջը հաստատված է

Մտածո՞ւմ են արդյոք մեզանում հավաքել և գրի անցուցանել աշուղների, այդ կենդանի հնադարյանների մեջ պարունակված վեպերը և երգերը, որոնց նրանք մի օր իրենց հետ գերեզման կտանեն։

Բացի դրանից, մեր ժողովրդի մեջ մինչև այսօր իրանց սկզբնական պարզությամբ պահպանվել են` զանազան ավանդություններ, սնոտիապաշտություններ, առասպելներ, զրույցներ, երդումներ, անեծքներ, առածներ, առակներ, երգեր և այլ ծեսեր ու սովորություններ։ — Դրանք այնպիսի խորին կապ ունեն մեր ամենահին անցյալի հետ, որ մասամբ կարող են լրացնել այն թերությունները, ինչ որ նկատվում են մեր պատմագրության մեջ։

Որպես բնագետը մի կենդանու քարացած ժանիքից կազմում է մի ամբողջ գաղափար նրա մարմնի կազմվածքի մասին, նրա ջրհեղեղյան գոյության մասին, այնպես և հետախույզ հնագետը մի ժողովրդական ավանդությունից կարող է եզրակացնել նույն ազգի անցյալ կյանքի այս և այն ձևերը։

Թողյալ այդ, ժողովրդական ավանդությունները, նրա առասպելները և զրույցները ծնունդ են ժողովրդի երևակայության, նրանց հավաքածուն նպաստում է նույն ազգի բանաստեղծությանը։ Որովհետև մի ազգի բանաստեղծությունն այն ժամանակ միայն կենդանանում է և նույն ազգի բնավորության հատկանիշ կերպարանքն է ստանում, երբ նա ծագում է նրա ավանդություններից։

Մի կտորիկ ժողովրդական լեգենդայի վերա պոետը կարող է հիմնել յուր հոյակապ ստեղծագործության շինվածքը։

**
*

Դառնալով Գ. վ. Սրվանձայանցի գրքույկին, մենք գտնում ենք նրան մինը այն աշխատություններից, որ յուր պարունակությամբ բոլորովին համապատասխանում է մեր վերոհիշյալ մտքերին։ Գրքույկը բաղկացած է 192 երեսից. առաջաբանից հետո հեղինակը խոսում է հայոց գավառական բարբառների մասին (առավելապես Տարոնի և Վասպուրականի նահանգների) և ցույց է տալիս օգտավետությունը ժողովրդական բառեր հավաքելու, այժմյան մեր գրականական լեզուն հարստացնելու համար։

Բոլորովին համակրելով հեղինակին, մենք ավելի կընդարձակենք նրա միտքը, ասելով, որ միանգամայն սխալ է դատողությունը