Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/96

Այս էջը հաստատված է

Գնա՛ երկրագործի մոտ, նա յուր գութանի և արորի բոլոր պարագաների անունները կասե քեզ. նա կասե քեզ ժամանակների անունները, երբ նա ցանում է, նա կասե քեզ այս և այն հատկություն ունեցող հողերի անունները։ Ուզում ես ծառերի, թփերի, պտուղների անուններ գիտենալ, գնա՛ անտառների մեջ բնակվող շինականի մոտ, նա բոլորը կասե քեզ։ Ուզում ես ծաղիկների և խոտերի հետ ծանոթանալ, հարցրու խաշնարած հայից, նա կասե քեզ` ոչ միայն յուր սարերի և դաշտերի բույսերի անունները, այլև նրանց բժշկական հատկությունները։ Մի խոսքով, դու գյուղացի հայի լեզվի. մեջ կգտնես նրան շրջապատող բնության շատ առարկաների անունները և կլսես նրա կարծիքը յուրաքանչյուրի մասին։

**
*

Այնուհետև հեղինակը նկարագրում է մի շարք խիստ հետաքրքրական ավանդություններ, որոնց մեջ դեռ նշմարվում են հետքերը մեր հեթանոսական անցյալի։ Ավանդություններից մի քանիսը ունեն դիցաբանական նշանակություն, այդպես է այն գեղեցիկ լեգենդը, որ պատմում են Մշու դաշտի բնակիչները Աստղիկի մասին։ Թե Աստղիկը սովորություն ունի ամեն գիշեր Եփրատի[1] մեջ լողանալու, թե հայոց կտրիճները կրակ են վառում Դաղոնաց լեռան վերա (դա հանգած վուլկան է), որ նրա մարմնի չքնաղությունը տեսնեն։ Գեղեցիկ դիցուհին ամբողջ այն միջավայրը պատում է մշուշով (մառախուղով) և յուր մարմինը անտեսանելի է անում սիրաբորբոք տարփածուներից։

Այդ պատճառավ Մշու դաշտի հորիզոնը մշուշով պատած է և այդ մշուշից երկիրը կոչվեցավ Մուշ։ Իսկ ժողովրդական երգը ասում է`

Մշու սարեր մշուշ է
Յուր հողն ու ջուրը անուշ է։

Առհասարակ, հեղինակի ասելով, Տարոնի և Վասպուրականի մեջ շատ նվիրական սարեր, բլուրներ և ժայռեր կապ ունեն Աստղիկի անվան հիշատակի հետ։

  1. Եփրատը հոսում է Մշու դաշտի միջով և կոչվում է Մուրատ գետ։