գյուղը, ուր ժողովրդական ավանդությամբ արեգակի շողը անցավ Հայկի նետից ծակված Բելի զրահապատ կողքից: Նույն ձորի մեջն է և Հայկ անունով գյուղը:
Շատ հետաքրքրական են ավանդությունները օձերի և վիշապների մասին:
Պատմությունից մեզ հայտնի է, որ Երվանդյան Տիգրանի ժամանակ օձը և վիշապը հայկական դրոշակի նշանն էին, գուցե ի հիշատակ այն հաղթության, որ Տիգրանը գործեց «վիշապազանց» դեմ: Մինչև այսօր Տարոնի նահանգի արևելա-հարավային կողմում մնում են Օձ քաղաքի ավերակների հետքերը, ուր այժմ նույն անունով փոքրիկ գյուղ կա: Տարոնի պատմիչ Հովհանն եպիսկոպոսը վիշապ անունով քաղաք է հիշում նույն նահանգում Աշտիշատա մոտ:
Առհասարակ օձերի, մանավանդ վիշապների վերա նայում է հայը որպես գերբնական զորությունների վերա: Հեղինակն ասում է, թե մինչև այսօր Տարոնի և Վասպուրականի մեջ մի տեսակ օձեր համարվում են երկրի պաշտպաններ, և նրանց չարչարելը կամ սպանելը մեղք է համարվում: Այլև մասնավոր տներում իբր թե բնակվում են օձեր, որոնք նույն գերդաստանի պաշտպանն են, որոնց գոյության հետ կապակից է այն ընտանիքի բախտը, հաջողությունը, կամ անհաջողությունը: Հեղինակը հիշում է և մի առասպել, թե որպես մի տան պաշտպան օձը սպանվելով, ընտանիքը անբախտության է ենթարկվում:
Մինչև այսօր սովորություն կա, որ երեխաների գդակի վերա կարում են օձի կամ վիշապի ձև ունեցող արծաթյա բժժանքներ. իհարկե, այդ զարդարանքի համար չէ, այլ ունի մի դյութական նշանակություն[1]: Որպես Հայաստանի շատ տեղերում երեխաների գդակի վերա կարում են արծաթյա մահիկներ[2], այսինքն` կիսալուսնի ձև ունեցող մի զարդ. նույնը հուլունքներով շարած, հարսները կապում են իրանց պարանոցին: Որպես երևում է, դրանք հին հեթանոսական սրբություններ են, որոնք ունեին նույն նշանակությունը,