Սրբեց պեխերը, նայեց աջ ու ձախ,
Իր բուռ քաջերուն ասաց դեմծիծաղ.
«Տըղե՛րք, ահա մեզ մի կարճ ճանապարհ,
Որով այս երկրից կերթանք նոր աշխարհ
Ուր մեր քաջ նախնիք կան մեզ անհամբեր
Փառաց պըսակով շատ ու շատ դարեր.
Տա՛նք վերջին բարևն աշխարհին հայոց,
Որ սընուց գըթով մեզ տղա տիոց.
Առանց հայրենյաց մեզ մութ է աշխարհ,
Հայաստան էր մեր միակ մըխիթար.
Կորավ Հայաստանն, էլ ի՞նչ հույս մընաց
Մեր կյանքըն ի՞նչ է, թե ոչ սուգ ու լաց
Այո՛, տանն ունինք ծնողք, ընտանիք,
Թո՛ղ կորչին, երբ որ կորավ Հայրենիք.
Գո՛նե մեր հետնորդը կասեն մեզ համար,
Արցունք թափելով աչքից անդադար.
Երանի՜ էր ձեզ,ո՜վ որդիք փառաց,
Որ դուք չըտեսաք կորուստն հայրենյաց.
Ձեր կյանքն էր ազնիվ՝ ազնիվ մահ առիք.
Ձեզմով կըպանծա հավետ Հայրենիք,
Ձեր կյանքն կլինի հետնոց օրինակ,
Ինչպես մեռնելը ձեզնից սովրեցանք.
Ինչ որ ունեիք` ազգին արիք զոհ,
Ազգն հավիտյան կըմընա ձեզ գոհ։
Քընից հառնելիս կամ քուն մըտնելիս,
Միշտ ձեզ կըհիշենք մենք աղոթելիս.
Մեր անմեղ մանկանց տըխուր օրորով։
Ձեր գըլխու անցքը կըպատմենք երգով։
Ձեր անկման տեղը կրոնասեր մարդիկ
Կըդարձնեն անշուշտ աղոթո տեղիք,
Ձեր մարմինն ամեն մի հայի համար
Կըդառնան մասունք սըրբոց փըրկարար.
Հանգե՛ք, դյուցազունք, հանգե՛ք հավիտյան,
Ձեզ միշտ կըհիշե ձեր մայր-Հայաստան»։
Ասաց ու լըռեց։ Երկու աչերից
Ցողացին արցունք՝ ինչպես ցող երկնից.
Ուժգին ա՜խ քաշեց անվեհեր սըրտեն,
Բայց այդ ախը չէր թըշնամու ահեն: