Այժմ կրոնամոլ պարսկին են գերի.
Փակած են դըռներ նոցա ժամերուն,
Անդ էլ չի հընչում սըրբոց ալելուն,
Եվ նվիրական նոցա սուրբ տեղիք
էլ չեն այցելում կրոնասեր մարդիկ։
Այրուձին հայոց, այն քաջ այրուձին,
Ո՛չ հային պաշտպան կլինի, այլ պարսկին,
Եվ գանձք լեռներուն, բերք առատ երկրին,
Ողջ պիտի լափե անհաշտ թըշնամին։
Հայը անճարակ՝ կըմոռնա ազգը,
Կրոնն, և՛ լեզուն, և հորանց փառքը։
Հայկ, Արամ, Տիգրան և այլ դյուցազունք
Կերևին նոցա պատիր շաղփաղփունք.
Եվ կամ՝ լըսելով մեծ գործք Ներսիսին
Գուցե զավակունք նոցա կասկածին.
Հըրաչյա, Զարմայր և Վահագն արին
Երբեք չեն անցնիլ նոցա մըտքերին։
Նա լուռ էր. բայց այդ լըռություն խորին
Նըման էր անհուն ու անդորր ծովին,
Որ մեղմ ծըփալով, նավաստյաց սըրտում,
Հաջողակ ճամփու հույսեր է ծընում։
Բայց վա՜յ է խեղճիկ անփորձ նավորդաց,
Թե հասու չեղան նորա պատրանաց.
Կըվերցնե ալիք մինչի ամպերը,
Խաղալիք կլինին նորան նավերը,
Կուլ կերթան անհագ, փըրփըրած ծովին,
Ո՞վ դեմ կը կենա կատաղած հովին...
«Քաջե՛ր, ասաց նա, ինչո՞ւ եք տըխուր,
Հոգնա՞ծ են ձեռներդ, թըրե՞րըդ չեն սուր,
Նո՞ր է մեզ համար նիզակ խաղացնել,
Հայոց թշնամու կյանքը կարճացնել.
Սարսեցա՞ք պարսկի անթիվ զորքերից,—
Մի հայը քաջ է նոցա հարյուրից.
Հիշեցե՛ք Հայկին, որ բուռ քաջերով
Դեմ կեցավ Բելին, հոգին անխռով