Ձըմեռ էր, տըղերք եղան հալումաշ,
Գնացին դաշտ, տեսան բըսած բլիթ, լավաշ,
Տափը ծաղկալից, օդը տաք, հեղձուկ,
Ծառերից կախ-կախ սեխ, բողկ, ձըմերուկ։
Օձը վազում է մեծ-մեծ քայլերով,
Ուղտը թռչում է ամպի տակերով,
Ձկները տաղեր են կըլկըլացնում,
Խուլ ու կույրերին են զըվարճացնում։
Բարակ ճյուղի վրա արջը շինեց բուն,
Մեջը ձու ածեց, թխսել էր ուզում,
Ղըռղըռան ագռավն նույն ծառի տակին
Ծիծ էր տալիս յուր գեղեցիկ ձագին։
Երեսունն է փետրվարի-
Արև ծագեց հյուսիսեն,
Ծծկեր տըղա, վաղվազ արի՛,
Հալվա քաղենք պարտեզեն։