Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/289

Այս էջը հաստատված է

ԱՌՅՈԻԾ ԵՎ ՄՈՒԿ



Մեկ օր ընկավ առյուծի թաթն հեգ մուկը,
Դողդղալով ու ծըվալով խղճուկը,
Աղաչում էր ազատություն յուր անձին,
(Մեզ հայտնի է մեծանձնությունն առյուծին).
Մուկի խնդիրքը նա իսկույն կատարեց,
Ազատություն ու կյանք նորա պարգևեց։
Վրա անցավ չգիտեմ թե քանի օր,
Նա, որ անասնոցն է իշխան, թագավոր,
Հանկարծ տեսավ փորձանաց մեջ յուր անձը,
Անմտությամբ ընկավ որսորդի ցանցը,
Ըսկսեց նա ահեղաբար մըռնչել,
Ու պատե֊պատ ընկնել, փըքվել և թռչել։
Ավա՜ղ, իզուր էր տանջվում խըղճուկը։
Բայց ով օգնեց նորան, գիտե՞ք, նույն մուկը,
Որ լսելով յուր ազատիչին ձայնը,
Եկավ կրծեց նորա կապված չվանը,
Ազատելով անարգ մահեն առյուծին,
Հայտնեց նորա երախտիքը յուր սրտին։