Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/29

Այս էջը հաստատված է

ՎԱՐԴԱՆԻ ԵՐԳԸ


Հիմի է՞լ լըռենք, եղբարք, հիմի է՛լ,
Երբ մեր թըշնամին իր սուրն է դըրել,
Իր օրհասական սուրը մեր կըրծքին,
Ականջ չի դընում մեր լաց ու կոծին.
Ասացե՛ք, եղբարք հայեր, ի՞նչ անենք,-

Հիմի է՞լ լըռենք։


Հիմի է՞լ լըռենք երբ մեր թըշնամին,
Դավով, հրապուրքով տիրեց մեր երկրին,
Ջընջեց աշխարհքից Հայկա անունը,
Հիմքից կործանեց Թորգոմա տունը,
Խըլեց մեզանից թագ, և՛ խոսք, և՛ զենք,—

Հիմի է՞լ լըռենք։

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին
Խըլեց մեր սուրը-պաշտպան մեր անձին,
Մըշակի ձեռքիցն էլ խոփը խըլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կըռեց,
Վայ մեզ,շըղթայով կապած գերի ենք,—

Հիմի է՞լ լըռենք։

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին՝
Սոսկալի զենքը բըռնած մեր գլխին,
Կուլ տալ է տալիս արտասուք առատ,
Աղեխարշ բողոք վաղուց ապիրատ.
Մեր գըլուխ լալու Եփրատ ո՞ւր պըտռենք,—

Հիմի է՞լ լըռենք։

Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին
Լիրբ գոռոզությամբ լըցըած իր հոգին,
Արդարության ձայնն հանած իր սըրտից
Արտաքսում է մեզ մեր բընիկ երկրից,

Պանդուխտ, հալածյալ, եղբարք, ո՞ւր դիմենք—

Հիմի է՞լ լըռենք։


Հիմի է՞լ լըռենք, երբ մեր թըշնամին,
Անհոգ մեր բերած ծանր զոհերին,