Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/32

Այս էջը հաստատված է

Վըրդոված, տըխուր էր նոցա հոգին.
Ոչինչ չէր լըսվում, թե ոչ սուգ ու լաց,
Մեծ կորուստ արին, կորուստն էր անդարձ,
Վարդան չի դարձավ դեպ իր քաջերուն։
Ո՞վ գիտեք, ո՞ւր էր նա այն իրիկուն.
Գերի՞ է տարել նորա թըշնամին,
Թե՞ մահ է ստացել նա դաշտի միջին.
Ոչ ոք չը գիտե։ Տըխուր ու տըրտում
Ամեն տեղ նորա են հայք պըտըրտում,
Հոգվոց հանելով, վայ գըլխուն տալով,
Աչքերից աղի արցունք թափելով։
Ավարայր դաշտը տակն ու վրա արին,
Ավա՜ղ, հայտ չեկավ դյուցազն արին.
Պինդ֊պինդ ձայն տվին. «Ո՞ւր ես, ո՞ւր, Վարդան»։
Արձագանք կըրկնեց Վարդա՜ն ու Վարդա՜ն։
Որբերի աչքին քունը չի մոտում,
Քունը ի՞նչ սփոփանք, թե դարդ կա սըրտում,
Թե լինի գիշերն մեզ քիչ մըխիթար,
Առավոտն, ավա՜ղ, կը լինի վատթար։
Արթուն մընացին, չի մըտան բանակ,
Մինչև որ խոսեց երեք հետ խոսնակ։

13



Հանկարծ լըսեցին ձիան տրոփ հեռվանց.—
«Այս ո՞վ է, տղե՛րք, ասին հայք միմյանց.
Գիշերվա ժամի՞ն ուզեց թըշնամին
Վրեժխընդիր լինել ցերեկվա անցքին»։
Բայց չէ՛, վա՜յ նոցա, վատթար տեսարան
Ապշած աչքերուն եկավ հանդիման.
Չէր արթուն հայոց անկոչ այցելուն
Սարսած թըշնամին տարաժամ պահուն.—
Վարդանն էր, որին հուսահատ, տըրտում
Որբացած հայերն էին պըտըտում։
Վարդանն էր... բայց ի՜նչ վիճակի հասած.
Արյունաթաթավ, սըրտին նետ ցըցված,
Աչքերը մըթնած, երեսը տըժգույն,
Վերքիցը ծործոր կաթում էր արյուն.