Երկու մանկլավիկ բըռնած կըռներից
Կիսամահ քաջին իջուցին ձիից.
Բայց այն սուրբ աչերն, դեմքը հրաշալի
Չէին կրում հետք մահվան երկյուղի։
Նորա թուլացած բազկից այն ժամին
Չար մահ կստանար նորա թըշնամին.
Թե որ խիզախեր գալ նորա առաջ.
Այսպես մոտ մահուն նա միշտ մընաց քաջ։
«Տըղե՛րք, ասաց նա ձայնով դողդոջուն,
Ուզացի ձեզ տալ իմ հետին ողջույն,
Ձեզ հետ գըրկախառն, ձեզ համբույր տալիս,
Հանգիստ ավանդել այս շունչը վերջիս։
Ժա՛մ է, ժա՛մ, թողնել ավեր Հայաստան,
Ուր քար չի մընաց պինդ քարի վըրան,
Մենք էլ հետևողք նախնյաց ավանդին,
Ըստրուկ չենք լինիլ երբեք օտարին։
Լա՛վ է մեր կյանքը կարճանա սըրով,
Քանց հաշվի, մաշվի թըշնամու լըծով։
(Իմ հինգ տարեկան հասակես ի վեր
Այսպես տալիս էր ծնողն իմ պատվեր)։
Ցավում է սիրտըս, ոչ նետի խոցից,
Ցավում է, որ շուտ գընում եմ ձեզնից,
Որ չեմ կարենում ձեզ հետ միասին
Արյան դաշտի մեջ փըչել իմ հոգին։
Վա՜յ թե դուք մենակ վըհատիք ահից,
Դողաք, սարսափիք վերահաս մահից,
Թուրն ու ասպարը մի կողմ գըլորեք,
Պարսկին կամավոր ձեզ գերել թողնեք.
Ա՜խ, քաջ իմացեք, ես, թեև թաղած,
Պիտի վեր կենամ հողից կատաղած,
Նորից նոր առնում ձեռքըս թուր ու տեգ,
Ու ձեզ անողորմ խողխոխեմ մեկ-մեկ։—
Անեծք եմ թողնում ես այն վատ հային,
Որ ոչ ոխ, այլ սեր ցույց տա գոռ պարսկին,
Այդ անհաշտ ոխը հիմկուց ցեղեցեղ
Պիտի տարածեն հայքըն ամեն տեղ։
Թե կորչին ազգեր երկրի երեսից,
Հայը միշտ անհաշտ պիտ մընա պարսից.