Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/36

Այս էջը հաստատված է

Հեշտության կենաց և գանձի մոլար
Ազնիվ նըպատակն մոռացան իսպառ։
Իրանց սըրբաղան տեղիք պարծանաց
Թողին, մատնեցին խուժադո՛ւժ ազգաց,
Եվ հողը, գընած գընով սուրբ արյան
Հարանց՝ արին չար թըշնամիք կոխան։
Մոռացան վըրեժն այն նվիրական,
Որ ավանդել էր նոցա քաջ Վարդան
Եվ ատելության փոխանակ՝ պարսկին
Ցույց տվին միշտ սեր և հարգանք խորին։
Ծըռեցին վիզերն պարսից լըծի տակ,
Դյուրությամբ դարձան հըլու հըպատակ.
Ախ, արդարացավ տեսիլն Վարդանին,
Որ նախատեսավ անկումըն ազգին։
Հայը հետամուտ չէր ազնիվ մահուն,
Որ հետնոց թողներ պանծալի անուն.
Վասակաց թիվը շատացավ դարեդար,
Զուտ ազնիվ հոգիք չերևցան իսպառ
Գործիք եղեռան դարձան օտարաց,
Ոչ ոք դարմանիչ չէր ազգին չարյաց....
Թո՛ղ լըռե՛մ, լըռեմ, ազնիվ պատանի,
Այս թըշվառ անցքեն միտքըս սասանի,
Քանի կը հիշեմ՝ սիրտըս խոցոտի,
Ու ճըմլած հոգիս վրիժու բոցոտի։
Մոլեկրոն պարսը կա մինչև այսօր,
Ունի թագ ու գահ շըքեղ, փառավոր,
Ունի նա լեզու ու անուն փառաց.
Քաղաք բարեշեն, տեր է շատ ազգաց,
Իսկ հայը...վա՜յ նրա դառը օրերուն,
Ի՞նչ ունի, բայց թե լոկ ևեթ անուն,
Որը և հաճախ ինքը ամոթից
Զըզված մերժում է իրա վըրայից։

17


ՎԵՐՋԱԲԱՆ


Լըռեց։ Ամպերը եկան, ծածկեցին
Երկինքն, ու լուսինն աչքես խըլեցին.