Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/64

Այս էջը հաստատված է

Թե քեզ պետք լինի, և ինձ հրամայես,
Անտրտունջ կրակի մեջ ինձ կը տեսնես»։
«Դու էլ շեն կենաս», ասաց ծերունին,
Նորան էլ սիրով սեղմեց իր սրտին։
Կրտսեր աղջիկը անունը Մարիամ
Հեզ դեմքով եկավ հորը հանդիման,
Ասաց՝ «Հա՛յր, անչափ սիրում եմ ես քեզ,
Որչափ արժանի է մի հայր քեզ պես»։
Այս խոսքերը որ իշխանը լսավ,
Բարկությունիցը սաստիկ կատղեցավ,
Նորան այնպես էր դուստրը երևում,
Եբր թե նորան բնավ չէ սիրում
Ու կատաղաբար ասաց նա նորան.
«Հեռացի՛ր աչքես, անսի՜րտ, անըզգա՜մ»,
Եվ պատրաստ էր նա խղճուկին սպանել,
Թե աչքեն իսկույն չի շտապեր փախչել։
Տակավին Մարիամ տունը չի թողած,
Մըտավ իր խուցը, սև օրը սգաց,
Եվ ապա հալավ, զարդք ու ակնեղեն
Փաթթեց կապոցքում ու փախավ տընեն։
Շատ գնաց, գնաց, իրիկվա պահուն
Տեսավ դաստակերտ մի նա հեռուում.
Ուզաց ներս մըտնել, սակայն կանգ առավ,
Կոշտ մըշակների վարմունքեն վախցավ,
Ու փոխեց ճամփան. մըտավ մեկ անտառ,
Ու մոլորվեցավ նորա մեջ իսպառ։
Այնտեղ շատ օրեր նորա սընունդն էր
Ջուրը աղբյուրի, վայրի պըտուղներ։
Երեք-չորս շաբաթ նա այդ անտառում
Օր ու գիշեր էր լալով թափառում.
Եվ երբ անտառի սահմանին հասավ,
Ճանապարհի վրա սատկած էշ տեսավ,
Հանեց դանակը ու քերթեց էշին,
Ու վրան հագավ նորա կոշտ կաշին.
Որ մարդիկ նորան դըշխո չի ճանչնան,
Այլ մեկ հասարակ աղախին գիտնան.
Բայց իր զարդերը, զգեստը թանկագին
Միշտ ծալած, փաթթած` պահած էր մոտին.