Եվ եկավ այսպես աղքատիկ հագված
Մեկ գեղեցկաշեն դարբասի դիմաց.
Խնդրեց, պաղատեց նա կողկողագին,
Որ առնուն նորան տան մեջ աղախին։
«Այժմ աղախին, ասին, մեզ պետք չէ՛,
Կուզես` գնա՛ դաշտ, այծեր արածե»։
Եվ դըշխոն մոռցավ ծնունդն յուր ազնիվ,
Ծըռեց վիզն, եղավ այծերու հովիվ։
Եվ ամենայն օր ցրտին կամ տոթին
Արածացնում էր այծերն արոտին։
Դրսանց այնպես էր տգեղ, անվայել,
Որ ոչ մի գեղջուկ չուզեր վրան նայեր
Ամբողջ օրերը դաշտերն էր շրջում
Ու տրտմութենեն լալիս, հառաչում.
Կարոտ էր քաշում իր քրոջ, եղբոր
Եվ իր սիրական, թեև անգութ հոր։
Մի օր էլ կարոտն այնպես սաստկացավ,
Որ համբերելու է՛լ չկարացավ.
Եվ յուր մանկության օրերու նըման
Ուզաց զարդարվել գեթ է՛լ մի անգամ։
Այդ դիտմամբ տարավ այծերուն հոտը
Ձորի մեջ հոսող աղբյուրի մոտը.
Սառնորակ ջրի մեջ լվացվեցավ,
Արուսյակ աստղին նա նմանեցավ.
Գռուզ ծամերը ու գեսը ծածան՝
Ժեռնիվայր թափվող ջրի էին նման,
Մատներուն մատնիք ու վըզին մանյակ
Շողշողում էին ինչպես արեգակ։
Երբ վճիտ ջրի մեջը նայեցավ,
Իր գեղեցկության շատ ըզմայլեցավ,
Եվ հայրենավանդ անուշ տաղերով
Այնօր մեղմացուց յուր սրտին գորով.
Դադրեցան այծեր, ուլեր արածել,
Ըսկըսան նորա մեղեդին լսել...
Մինչ այս մինչ այն` մութն եկավ, կոխեց,
Ու Մարիամը իրա զգեստը փոխեց.
Բայց այդ միջոցին երևցավ նորան
Մի մատաղահաս գեղեցիկ իշխան,