… Մի անգամ աշնանը ես մի շատ անհարմար ու անախորժ դրության մեջ ընկա։ Մի օտար քաղաք էի եկել, ոչ մի ծանոթ չպատահեց, գրպանումս էլ փող չկար, և ես մնացի այդպես առանց բնակարանի ու առանց կոպեկի։
Առաջին օրերը ես ծախեցի հագուստիս այն մասը, առանց որի կարելի էր յոլա գնալ։ Հետո ուղևորվեցի դեպի նավահանգիստ, որ գտնվում էր «Գետաբերան» կոչվող հեռավոր թաղամասում, ուր նավագնացության ժամանակ կյանքը եռում էր. մարդ հեշտությամբ կարող է իր համար գործ գտնել։ Իսկ այդ ժամանակ ամեն ինչ դատարկ էր և խաղաղ, որովհետև արդեն հոկտեմբեր ամսվա վերջերն էր։
Ես թափառում էի միայնակ դատարկ շինությունների ու փոքրիկ առևտրական կրպակների միջև ու հազիվ էի շարժում հոգնած ոտքերս։ Աչքերս գետնին հառած, ուզում էի այդ ցեխերի մեջ ուտելիքի որևէ մնացորդ գտնել և մտածում էի միևնույն ժամանակ, ինչ լավ բան է կուշտ լինելը…
Քաղաքակրթության ներկա պայմաններում հոգեկան քաղցն ավելի հեշտ կարելի է հագեցնել, քան մարմնականը։ Դուք թափառում եք երկար փողոցներով․ ձեր շուրջը բարձրանում են գեղեցիկ շինություններ, որոնց մասին ամենայն համարձակությամբ կարող եք ասել, որ նրանք նույնչափ գեղեցիկ են և ներսից. նույնչափ ճաշակով ու շքեղ կահավորված։ Այդ բոլորը կարող է ձեր մեջ քաղցր մտածմունքներ առաջ բերել ճարտարապետության, առողջապահության և էլի ուրիշ շատ մեծ-մեծ բաների մասին։ Ձեզ պատահում են տաք և գեղեցիկ հագնված մարդիկ․ նրանք անչափ բարի են և քաղաքավարի, նրանք ամենայն զգուշությամբ խույս են տալիս ձեզանից, որպեսզի չնկատեն ձեր ցավալի գոյությունը… Աստված վկա, քաղցած մարդու հոգին ավելի լավ է կերակրվում միշտ, քան կուշտ մարդունը։ Ահա ձեզ մի դրություն, որից կարելի է շատ սրամիտ եզրակացություն անել կուշտ մարդկանց օգտին։
… Երեկոն մոտենում էր։ Անձրև էր գալիս, և հյուսիսից մռնչալով փչում էր քամին։ Նա կատաղի շվվոց էր բարձրացնում դատարկ մնացած փայտաշեն խանութներում և ծեծում էր հյուրանոցների տախտակած պատուհանները։ Գետի ալիքները նրա հարվածներից ուռչում ու փրփրում էին և կատաղի արագությամբ, միմյանց վրա թռչելով, շտապում, անհայտանում էին մթության մեջ… Կարծես գետը զգում էր, որ ձմեռը մոտենում է, և վախեցած փախչում էր սառույցի կաշկանդող շղթաներից,