Մենք լուռ աշխատում էինք։
Ես չեմ կարող հիմա հաստատ ասել, հիշո՞ւմ էի արդյոք այդ ժամանակ քրեական օրենքների հաստափոր ժողովածուն, բարոյագիտություն, սեփականության իրավունք և այլ այսպիսի բաներ… որոնք, ինչպես ասում են իմաստուն մարդիկ, երբեք չպետք է մոռանալ կյանքում, ոչ մի դիպվածում… Որպեսզի կարելույն չափ մոտ լինեմ ճշմարտությանը, խոստովանում եմ ես, կարծեմ, այնքան տարվել էի փորելով, որ ամեն բան մոռացել էի, բացի… այն բանից, ինչ որ կարող էի գտնել խանութում։
Արդեն մթնում էր։ Թաց ու ցուրտ խավարը հետզհետե թանձրանում էր իմ շուրջը։ Ալիքների աղմուկը հետզհետե խլանում էր, իսկ անձրևը ավելի ու ավելի ուժգին ծեծում էր նավակի տախտակները… Հեռվից լսվում էր գիշերապահի ճչանակի տխուր ու մելամաղձոտ ձայնը…
— Հատակը տախտակած չի՞ լինի արդյոք,— կամաց հարցրեց ինձ իմ օգնականը։ Ես չհասկացա ինչի մասին է հարցնում և լռեցի։
— Գուցե տախտակած է… Այդ ժամանակ մեր չարչարանքը իզուր կլինի, հողը կփորենք, կհասնենք տախտակներին, հետո՞… Ավելի լավ է կողպեքը կոտրենք… Թույլ կողպեք է երևում…
Լավ մտքերը շատ սակավ են ծագում կնոջ գլխում, բայց և այնպես… ծագում են, ինչպես տեսնում եք։ Ես միշտ գնահատել եմ լավ մտքերը և աշխատել եմ կարելույն չափ օգտվել նրանցից։
Կողպեքը գտա, քաշեցի և դուրս պոկեցի իր օղակների հետ միասին… Ընկերուհիս իսկույն օձի պես գալարվեց ու ներս սողաց խանութ՝ բացված քառանկյունի անցքով։
— Կեցցե՛ս, տղա,— բացականչեց նա ներսից։
Կնոջ մի փոքրիկ գովասանքը ինձ համար ավելին արժե, քան տղամարդու երկար գովաբանությունը, կուզեք լինի այդ տղամարդը նույնիսկ ավելի պերճախոս, քան բոլոր հին ու նոր հռետորները միասին վերցրած։ Բայց այն ժամանակ տրամադրությունս այսքան լավ չէր. և ես, առանց ուշադրություն դարձնելու ընկերուհուս սիրախոսության վրա, կարճ ու վախեցած հարցրի՝
— Բան կա՞…
Նա միապաղաղ ձայնով սկսեց թվել իր գյուտերը.
— Մի զամբյուղ… շշերով, դատարկ տոպրակներ… մի հովանոց… մի երկաթե դույլ…
Դրանցից ոչ մեկը չէր կարելի ուտել։
Ես զգում էի, որ հույսերս չքանում են։